Իրանը կողմ է փոխկապակցվածության գաղափարներին. Շիրղոլամին ԹՐԻՓՓ-ի հարցում հստակեցրել է իր երկրի դիրքորոշումը
«Իրանի սկզբունքային դիրքորոշումն է՝ Հարավային Կովկասում պահպանել առկա ստատուս քվոն թե՛ տարածքային, թե՛ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության տեսանկյունից։ Երկրորդ կետն այն է, որ տարածաշրջանում մեզ անհրաժեշտ է նոր հավասարակշռություն, քանի որ խաղաղության մասին խոսույթը լավն է և օգտակար, սակայն այն ինքնին բավարար չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և պահպանելու համար։ Եթե մենք իսկապես ձգտում ենք իրական և կայուն խաղաղության, ապա անհրաժեշտ է ուժերի իրական հավասարակշռություն, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։ Սա չափազանց կարևոր և նշանակալի է։ Եվ հենց դա էլ Իրանը ձգտում է հաստատել այս տարածաշրջանում՝ ուժերի նոր հավասարակշռություն, որը տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության իրական երաշխիքն է»,- ասաց Շիրղոլամին։
Նրա դիտարկմամբ՝ եթե հավասարակշռություն չլինի, իրավիճակը կլինի փխրուն։ Դիվանագետի համոզմամբ՝ նույնիսկ եթե կողմերի մտադրությունները դրական են, դա բավարար չէ խաղաղություն հաստատելու և այն պահպանելու համար։
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային դինամիկան և ձևաչափերն ավելի կայուն և արդյունավետ են տարածաշրջանում տևական խաղաղության, կայունության և զարգացման համար։ Իհարկե, այս տարածաշրջանում չգտնվող այլ տերությունների օրինական շահերն ընդունելի են և հասկանալի։ Նրանք ունեն որոշակի օրինական շահեր, և դա միանգամայն բնական է, բայց միևնույն ժամանակ, եթե փորձ է արվում այս տարածաշրջանը վերածել բացասական մրցակցության կամ հակամարտության ասպարեզի, դա դրական ազդեցություն չի ունենա տարածաշրջանի վրա։ Երկարաժամկետ հեռանկարում դա լուրջ հետևանքներ կունենա՝ խաթարելով հենց այս տարածաշրջանի կայունությունն ու զարգացումը»,- նշեց դեսպանը։
Շիրղոլամին վստահեցրեց, որ իրանական կողմը սատարում է փոխկապակցվածությանն ուղղված գաղափարները։
«Մենք ողջունել ենք վարչապետ Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարն ու ծրագիրը։ Մենք կարծում ենք, որ այդ խաչմերուկն ունի տարբեր ուղղություններ՝ արևելք-արևմուտք, արևմուտք-արևելք, հյուսիս-հարավ, հարավ-հյուսիս։ Եվ եթե կան փոխկապակցվածությանն ուղղված ծրագրեր, ապա պետք է օգտագործել ու կյանքի կոչել յուրաքանչյուր հնարավորություն և ներուժ»,- ասաց դիվանագետը։
Խոսելով ԹՐԻՓՓ նախագծի մասին՝ Շիրղոլամին հայտնեց, որ եթե այն բավարարի որոշակի նախապայմանների, դա դրական կլինի տարածաշրջանում զարգացման և խաղաղության համար։
«Միաժամանակ մենք գտնում ենք, որ Հայաստանն ունի նաև այլ մեծ ներուժ՝ հանդիսանալու կապող օղակ Պարսից ծոցի, Հնդկական օվկիանոսի և ավելի լայն տարածաշրջանի միջև, և այդ ներուժը նույնպես պետք է օգտագործվի ու կյանքի կոչվի։ Ուստի մենք սատարում ենք «Խաղաղության խաչմերուկի» և փոխկապակցվածության գաղափարներին՝ պայմանով, որ բավարարվեն որոշակի պայմաններ կամ նախապայմաններ»,- ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։
Անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերություններին՝ Շիրղոլամին նշեց, որ այդ համատեքստում շատ կարևոր է, որպես երկու կարևոր ավանդական գործընկերներ, կարողանալ կողմնորոշվել Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ուղղությունների շրջանակում։ Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է Հայաստանի՝ դեպի Արևմուտք ուղղված արտաքին քաղաքականությանը և Եվրոպական միության ու Միացյալ Նահանգների հետ մերձեցմանը, և միաժամանակ՝ Իրանի ու Հայաստանի միջև գործընկերության նույն մակարդակը պահպանելու կարողությանը։
«Սա ամենակարևոր մարտահրավերն է, սակայն դրա շրջանակում նաև բազմաթիվ հնարավորություններ կան։ Մենք կարծում ենք, որ առնվազն Եվրոպական միության և եվրոպական երկրների հետ ունենք բազմաթիվ ընդհանրություններ՝ կապված այս տարածաշրջանում, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղությունն ու կայունությունը պահպանելու վերաբերյալ մոտեցումների հետ։ Թեև առաջին հայացքից թվում է, թե Իրանի և Հայաստանի համար սա մարտահրավեր է, որը պետք է հաղթահարել, միևնույն ժամանակ առկա են նաև բազմաթիվ հնարավորություններ։ Մենք հավատում ենք, որ Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև առկա խորը փոխադարձ վստահության հիման վրա մենք կկարողանանք հաղթահարել այդ մարտահրավերը և ոչ միայն պահպանել համագործակցության ներկայիս մակարդակը, այլև բարձրացնել այն»,- ասաց Շիրղոլամին։
Նա տեղեկացրեց, որ իրանական կողմը մտածում և ծրագրում է Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման և ապագայում այդ գործընկերությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ուղղությամբ։
«Մենք հասկանում ենք Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը։ Հայաստանը, չունենալով ելք դեպի ծով, պատմականորեն բազմաթիվ խնդիրներ և խոչընդոտներ է ունեցել աշխարհին բաց լինելու առումով, և նրան անհրաժեշտ են բազմաշերտ կամ տարբեր մեխանիզմներ ու ուղիներ՝ աշխարհի և տարբեր տարածաշրջանների հետ կապ հաստատելու, ինչպես նաև որպես կապող հանգույց Հայաստանի դերը լիարժեք օգտագործելու համար։ Ուստի մենք ըմբռնումով ենք մոտենում իրավիճակին և հայկական արտաքին քաղաքականության այս ռազմավարական տեսլականին։ Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ նախագծին, ապա, հիմնվելով տարածաշրջանում ստատուս քվոն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի հիմնարար մոտեցման վրա, որի մասին արդեն նշեցի, կարծում ենք, որ այդ նախագծի իրականացման ընթացքում չպետք է որևէ վնաս հասցվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը»,- ասաց դիվանագետը։
Նա հավելեց, որ Ադրբեջանի Հանրապետությունը և նրա ղեկավարները շարունակում են շատ հստակ և բացահայտ խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, իսկ իրանական կողմն, ըստ դեսպանի, նույնքան հստակ արտահայտում է այն դիրքորոշումը, որ չի կարող հանդուրժվել որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն կամ որևէ գործողություն, որը կվնասի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
«Սա առաջին նախապայմանն է։ Երկրորդ՝ հիմնարար նշանակություն ունեցող կետն այն է, որ տարածաշրջանում չի կարող հանդուրժվել Միացյալ Նահանգների որևէ ռազմական ներկայություն։ Այս մոտեցումը հիմնված է այն փաստի վրա, որ Միացյալ Նահանգների թշնամական վերաբերմունքն իրանական ժողովրդի նկատմամբ բազմիցս ապացուցվել է՝ այդ թվում և վերջերս։ Ուստի հիմնվելով այս երկու նախապայմանների վրա՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը որևէ վնաս չհասցնելու և երկրի սահմաններում ԱՄՆ-ի անվտանգային կամ ռազմական ներկայություն չլինելու հանգամանքների վրա՝ մենք որևէ պատճառ չունենք դեմ լինելու այս նախագծին, եթե այն դրականորեն նպաստի հայ ժողովրդի զարգացմանն ու բարեկեցությանը»,- եզրափակեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։



