Իրանը հայտարարել է հարևան երկրներ երեք նոր երկաթուղային երթուղիներ գործարկելու ծրագրերի մասին
Իրանը հայտարարել է հարևան երկրներ երեք նոր երկաթուղային երթուղիներ գործարկելու ծրագրերի մասին՝ ցանկանալով մեծացնել տարածաշրջանում երկաթուղային ուղևորափոխադրումների ծավալը, տեղեկացնում է Mehr-ը։
Իրանի ազգային երկաթուղային ընկերության (RAJA) գլխավոր տնօրեն, ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Ջաբար Ալի Զաքերին հայտնել է, որ նոր երկաթուղային երթուղիները կներառեն ուղղություններ դեպի Թուրքիա, Աֆղանստան և Թուրքմենստան:
Նրա խոսքով՝ RAJA-ն նախատեսում է ուղիղ երկաթուղային ուղևորափոխադրումներ սկսել Թեհրանից դեպի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա. այս ծառայությունը կդառնա Թեհրանի և թուրքական Վան քաղաքի միջև գործող երթուղու շարունակությունը։
Մեկ այլ նոր երթուղի կընդգրկի ուղևորափոխադրումներ Իրանի Թեհրան և Մաշհադ քաղաքների և աֆղանական Հերաթ քաղաքի միջև: Այս դեպքում ուղևորությունները կսկսվեն, հենց որ Իրանն ու Աֆղանստանը լուծեն ճամփորդական փաստաթղթերի հետ կապված հարցերը։
Զաքերին հավելել է նաև, որ Raja-ն նախատեսում է ուղևորատար երթուղի գործարկել Իրանի Մաշհադ քաղաքից դեպի Թուրքմենստանի Մարվ քաղաքը։ Այս երթուղին Իրանին թույլ կտա ամրապնդել իր տնտեսական և առևտրային հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ:


