Իրանը և 5 գործընկեր երկրներ ԱԷՄԳ-ին բանաձև են ներկայացրել
Իրանը և հինգ գործընկեր պետություններ ԱԷՄԳ-ին ներկայացրել են բանաձևի նախագիծ, որով կոչ են անում արգելել պաշտպանված միջուկային օբյեկտների դեմ բոլոր հարձակումները կամ սպառնալիքները: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr-ը։
Նշվում է, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել է, որ Իրանը, Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բելառուսի հետ միասին, ներկայացրել է բանաձևի նախագիծ՝ «ԱԷՄԳ-ի երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների և կայանքների վրա հարձակման և հարձակման սպառնալիքի բոլոր ձևերի արգելում» վերնագրով։
«Ինչպես հաստատվում է մեր նախագծում, բոլոր երկրները վայելում են «միջուկային էներգիան խաղաղ նպատակներով զարգացնելու անքակտելի իրավունքը» և իրավունք ունեն արդյունավետ երաշխիքներ ստանալ ցանկացած հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեմ։ Սա նաև հաստատում է, որ բոլոր պետությունները պետք է ձեռնպահ մնան այլ երկրներում խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումներից կամ հարձակման սպառնալիքից»,-նշել է Բաղային և հավելել, որ այս սկզբունքները պետք է հարգվեն, և «ժամանակն է, որ միջազգային հանրությունը վճռականորեն գործի՝ անօրինականության նորմալացումը կանխելու համար»։


