շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանում հրադադարի հաստատումը չի հանգեցնի նավթի գների արագ անկմանը․ The Globe and Mail

Իրանում հրադադարի հաստատումը չի հանգեցնի նավթի գների արագ անկմանը․ The Globe and Mail

Իրան դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտությունում հնարավոր զինադադարը չի հանգեցնի համաշխարհային շուկայում էներգակիրների և այլ ապրանքների գների անմիջապես նվազմանը: Ինչպես հայտնում է կանադական The Globe and Mail պարբերականը, պատճառը Մերձավոր Արևելքի էներգետիկ ենթակառուցվածքների կրած վնասներն են:

Թերթը նշում է, որ Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները, ինչպես նաև տարածաշրջանի երկրների դեմ Թեհրանի պատասխան գործողությունները, հանգեցրել են էներգետիկ համակարգերի զգալի ավերածությունների և նավթի ու գազի արդյունահանման ու վերամշակման դադարեցմանը: Սա մեծացնում է նավթամթերքի, բնական գազի, քիմիկատների և պարարտանյութերի տևական դեֆիցիտի վտանգը, ինչը նշանակում է, որ բարձր գները կպահպանվեն: Rystad Energy խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Թոմ Լայլզի խոսքով՝ հակամարտության պատճառով համաշխարհային շուկան օրական չի ստանում շուրջ 15 միլիոն բարել հեղուկացված բնական գազ, նավթ և նավթամթերք: Ինչի պատճառով էլ գները կարող են բարձրանալ։

Փորձագետը հավելել է, որ որքան երկար ձգվի հակամարտությունը, այնքան կդժվարանա մատակարարման սովորական շղթաների վերականգնումը: Նրա դիտարկմամբ՝ պատմության մեջ դեռևս չի եղել նման մասշտաբի ճգնաժամ, որը կարող էր օրինակ ծառայել վերականգնողական աշխատանքների համար:

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն ու Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը հանգեցրել են ոչ միայն նավթի ու գազի, այլև համաշխարհային տնտեսության համար կարևոր մի շարք այլ ապրանքների՝ ներառյալ շաքարավազի, պարարտանյութերի, ալյումինի և հելիումի գնաճին:

Շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը վերջին օրերին ռազմական գործողությունների դադարեցման շուրջ «շատ լավ և արդյունավետ բանակցություններ» են վարել: Ըստ նրա՝ խորհրդակցությունները «կշարունակվեն շաբաթվա ընթացքում»: Այս համատեքստում ԱՄՆ վարչակազմի ղեկավարը կարգադրել է հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հնարավոր հարվածները: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ավելի ուշ հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ որևէ բանակցություն չի վարել, սակայն իր դիրքորոշումը փոխանցել է միջնորդների միջոցով:

  • Կիսվել: