ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իրանին հատուկ, սովորական բողոքի ակցիաներ են. իրանագետ

Իրանին հատուկ, սովորական բողոքի ակցիաներ են. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին և եզրակացրել՝ Իրանին հատուկ, սովորական բողոքի ակցիաներ են:

«Իրանի պարագայում պետք է չափազանց զգույշ լինել՝ լրատվական հոսքերի վերլուծությունն իրականացնելիս, որովհետև Իրանը նախ յուրահատուկ երկիր է և հետո արևմտյան ու արաբալեզու լրատվամիջոցների հրապարակումները հաճախ չեն արտացոլում իրականությունը», - PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկանյանը:

Նրա խոսքով, Իրանում այժմ կատարվողը սոցիալական հենքի վրա բողոքի ակցիաներ են, որոնք պայմանավորված են բենզինի գնի թանկացմամբ: Որպեսզի պատկերավոր լինի, իրանագետը նույնացրեց հայկական իրականության հետ և նկատեց, որ բենզինի գինը Իրանում 40 դրամից ավելացել է հասնելով՝ շուրջ 120 դրամի:

«Գործ ունենք սոցիալական բնույթի գործողությունների հետ, ընդ որում, դրանք տեղի են ունեցել Իրանի մի շարք քաղաքներում, բայց չեն կրել համընդգրկուն բնույթ, այլ ունեցել են տեղային բնույթ», - նշեց Ոսկանյանը:

Այդուհանդերձ, ըստ իրանագետի, ակնհայտ է, որ Իրանի ներսում սոցիալական ընդվզումները փորձ է կատարվում ներկայացնել որպես քաղաքական երևույթ ու ուղղորդել դրանք՝ ներկայացնելով քաղաքական պահանջներ:

«Այդքանով հանդերձ, Իրանում իրավիճակը ապոկալիպտիկ չէ և գործ ունենք Իրանի համար սովորական դարձած մի երևույթի հետ: Նման բնույթի գործողություններ այս երկրում հաճախ են լինում, ու իշխանությունները կարողանում են իրավիճակը կառավարելի պահել», -հավելեց Վարդան Ոսկանյանը:

Ինչ վերաբերում է բողոքի ակցիայի ժամանակ զոհերին, Ոսկանյանն ասաց, որ այդ մասին տեղեկությունները հիմնավորված չեն: «25 զոհի մասին տեղեկությունը տարածվում է Հորդանանում տեղակայված արաբալեզու լրատվամիջոցի կողմից և այս պարագայում պետք է շատ վստահելի աղբյուրներից ստանալ ինֆորմացիան», -նկատեց մասնագետը:

Հարցին, թե ինչքա՞ն զոհի մասին են գրում իր վստահելի աղբյուրները, Ոսկանյանը պատասխանեց, որ որևէ աղբյուր չի նշում զոհերի հստակ թվի մասին: «Որտեղ, որ քաղաքում են զոհվել, քանիսն են զոհվել, տեղեկություն չկա, ու միայն մոտավոր տեղեկություններ են, ինչը մեզ թույլ է տալիս կասկածով մոտենալ դրա հավաստիությանը», -նշեց նա:

Նա մեկ այլ հանգամանք էլ ընդգծեց. «Ադրբեջանական ԶԼՄ-ով փորձ է արվում շահարկել այսպես կոչված՝ «Հարավային Ադրբեջանում» կամ Թավրիզում իբրև անհանգստությունների հանգամանքը ու նաև մեր շարքային ընթերցողը կարող է կուլ տալ այդ քարոզչական խայծը: Իրականում դա բացահայտ ապատեղեկատվություն է: Մեր ԶԼՄ-ը պետք է ուշադիր լինեն ադրբեջանական որևէ աղբյուրի տարածած տեղեկատվությունը մեր դաշտ բերելու ու թարգմանաբար տարածելու առումով»:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում հայկական կողմի անելիքներին, ապա, ըստ իրանագետի, Հայաստանի շահերից է բխում, որ սահմանակից երկիրը լինի կայուն, զարգացող, և Իրանի ներսում ցանկացած անկայունություն որոշակիորեն պետք է անհնագստացնի կամ հետաքրքրի հայկական կողմին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: