Իրանը չի միջամտում Լիբանանի ներքին գործերին. Լարիջանի
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Բեյրութում հանդիպել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ, տեղեկացնում է իրանական Tasnim-ը:
Նշվում է, որ Բեյրութ ժամանելուց հետո Լարիջանին հայտարարել է, որ «լիբանանցի ժողովուրդը թանկ է Իրանի համար, և Թեհրանը բոլոր հանգամանքներում կկանգնի նրանց կողքին»։
Իր հերթին Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ Ժոզեֆ Աունը հաստատել է, որ «Լիբանանը պատրաստ է համագործակցել Իրանի հետ՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ինքնիշխանության և բարեկամության շրջանակում»։
Նա նաև ընդգծել է, որ մերժում է ցանկացած միջամտություն իրենց ներքին գործերին։ Նախագահի խոսքով՝ «Լիբանանը, որը բացարձակապես չի միջամտում որևէ այլ երկրի գործերի և հարգում է նրա անձնական դաշտը, այդ թվում՝ Իրանի, չի ընդունում որևէ մեկի միջամտությունը իր ներքին գործերին»։
Լարիջանին էլ Իրանի նախագահի ողջույններն է փոխանցել նախագահ Աունին՝ կրկին նրան ուղղելով Թեհրան այցելելու հրավերը և արտահայտելով Լիբանանին վերակառուցման գործում օգնելու իր ցանկությունը։
Լարիջանին նաև ընդգծել է, որ «Իրանը չի միջամտում Լիբանանի ներքին գործերին»։ Նրա խոսքով՝ «Իրանը չի ցանկանում որևէ կերպ խաթարել իր բարեկամությունը կամ հարաբերությունները Լիբանանի և նրա ժողովրդի հետ և պատրաստ է օգնել Լիբանանին, եթե Լիբանանի կառավարությունը ցանկանա»։


