Իրանի արտգործնախարարը գնահատել է Պուտինի հետ բանակցությունների արդյունքները
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Կրեմլում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ դա շատ լավ հանդիպում էր, գրում է իրանական IRNA գործակալությունը։
«Մենք շատ կարևոր քննարկումներ ունեցանք, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի հարաբերությունները երբեք այնքան ամուր, լավ և փոխադարձ հարգանքի ու շահերի վրա հիմնված չեն եղել, որքան այսօր։
Վերջերս ստորագրված Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության համապարփակ համաձայնագիրը երկու երկրների հարաբերությունների մակարդակը բարձրացրել է ռազմավարական մակարդակի։ Մենք սերտ համագործակցություն և խորհրդատվություններ ենք պահպանում Ռուսաստանի մեր բարեկամների հետ միջազգային բոլոր ոլորտներում»,-շեշտել է նախարարը։
Նա հավելել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի ապագայում «ավելի մեծ ինտենսիվությամբ և թափով»։