Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում դատապարտել Իսրայելի հարձակումը
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում ընդունել բանաձև՝ իսլամական հանրապետության վրա Իսրայելի հարձակման դատապարտմամբ: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
«ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները, ներառյալ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները, պետք է դիրքորոշում արտահայտեն այդ հարձակման առթիվ, դատապարտեն այն և ձեռնարկեն լուրջ քայլեր, այդ թվում բանաձևի ընդունման միջոցով՝ հստակ և ոչ երկիմաստ ձևակերպմամբ, որը դատապարտի այդ հարձակումը», - ասել է դիվանագետը շաբաթական ճեպազրույցի ժամանակ:
Նա նաև Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ագրեսիա անվանել Իսրայելի հարձակումը:
Բաղային նշել է, որ ԱՄՆ-ի և մյուս արևմտյան երկրների կողմից համապարփակ աջակցությունն Իսրայելին սկսել է մեծ սպառնալիք դառնալ միջազգային խաղաղության և անվտանգության համար։
«(Իսրայելական) վարչակարգի անպատժելիությունը և համակողմանի աջակցությունը, որը նա ստանում է ԱՄՆ-ից և արևմտյան երկրներից, դարձել են աննախադեպ սպառնալիք միջազգային խաղաղության և տարածաշրջանային անվտանգության համար», - ասել է դիվանագետը: