հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ինդոնեզիայում  7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում ուժեղ ստորջրյա երկրաշարժը վնասել է հիվանդանոցը Մենթավայ կղզում եւ ստիպել հազարավոր բնակիչների փախչել բարձր տեղանքներ՝ ցունամիից զգուշանալով, տեղեկացրել է ANTARA ինդոնեզական գործակալությունը, որի տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,4։

Երկրաշարժի ցնցումները զգացվել են Արեւմտյան Սումատրա եւ Հյուսիսային Սումատրա նահանգների շրջաններում եւ քաղաքներում, իսկ որոշ տեղերում իշխանությունները հրամայել են տարհանել մարդկանց ավելի բարձր տեղեր։ Երեքշաբթի վաղ առավոտյան մարդիկ փախչում էին լեռնային տեղանքներ՝ անձրեւի տակ եւ մթության մեջ, իսկ Մենթավայ կղզու հիվանդանոցի որոշ պացիենտներ տեղափոխվել են բակ, քանի որ շենքը ճաքել է։ Ազգային սեյսմոլոգիական գործակալության ներկայացուցիչ Աբդուլա Մուհարիի խոսքով՝ Արեւմտյան Սումատրայի որոշ մասերի բնակիչներ, այդ թվում նահանգի մայրաքաղաք Պադանգի բնակիչները, ուժեղ երկրաշարժն զգացել են մոտ 30 վայրկյան։

7,1 մագնիտուդով երկրաշարժ (ԱՄՆ Երկրաբանական ծառայության՝ USGS-ի տվյալներով) է տեղի ունեցել Թելուկ Դալամից (Հյուսիսային Սումատրա, Հարավային Նիաս ռեգենտություն) 170 կիլոմետր հարավ-արեւելք, 15 կիլոմետր խորության վրա։ Հետցնցումները կազմել են 5,8 բալ։ Ցունամիի մասին նախնական զգուշացումից հետո օդերեւութաբանության, կլիմայաբանության եւ երկրաֆիզիկայի ինդոնեզական գործակալությունը չեղարկել է այն լուսաբացից առաջ՝ երկրաշարժից մոտ երկու ժամ հետո։

  • Կիսվել: