Ինչու՞ Ախալքալաքը չի միանում վրացական բողոքի ալիքին
Վրաստանում ցույցեր են տեղի ունենում՝ ընդդեմ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու կառավարության որոշման։ Բողոքի 8 օրերի ընթացքում բողոքի ակցիային միացել են տարբեր քաղաքներ և շրջաններ, այդ թվում՝ Ախալցիխեն և Բորժոմին։ Սակայն այս ալիքը Ջավախք չի հասել։ Jnews-ը փորձել է պարզել դրա պատճառը։
Ախալքալաքում բնակիչները մասամբ հետևում են, թե ինչ է կատարվում մայրաքաղաքում և այլ քաղաքներում, բայց իրենց այս գործընթացների մաս չեն զգում։ Ոմանք վրդովված են ոստիկանության գործողություններից և իրենց սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածում, որտեղ ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները բռնություն են գործադրում բնակիչների նկատմամբ։ Ոմանք աննկատ են վրդովվում: Մյուսներն էլ վրդովված են ցուցարարների գործողություններից։ Ախալքալաքում, սակայն, ամեն ինչ հանգիստ է: Կողմնակիցներն ու ընդդիմախոսներն առանձնապես չեն վիճում միմյանց հետ, քանի որ խոսակցությունները նեղ շրջանակներից այն կողմ դուրս չեն գալիս և հանրայնություն ձեռք չեն բերում։ Լռում են թե՛ երիտասարդները, թե՛ հասարակական կազմակերպությունները։ Մունիցիպալիտետի երիտասարդների թվում կան նաև այնպիսիք, ովքեր Թբիլիսիում բողոքի ցույցերին մասնակցում են։ Jnews-ը հարցրել է տեղի երիտասարդներին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ «կմասնակցեի՞ն բողոքի ակցիաներին և ինչո՞ւ»:
Երիտասարդների դիրքորոշումը
(Հարցվողների նկատմամբ ագրեսիայից խուսափելու համար ներկայացնում ենք կարծիքներ առանց անուն-ազգանունների)
Սամցխե-Ջավախքի համալսարանի շրջանավարտներից մեկը կարծում է, որ Եվրոպայի վերաբերյալ բնակչության ունեցած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ինչի հետևանքով բնակչության մի մասի մոտ խուսափողականություն կա: Չնայած այն հանգամանքին, որ նա կողմնակից է եվրաինտեգրմանը, նա չէր գնա բողոքի ակցիայի, նա կարծում է, որ բողոքի ձևը պետք է այլ լինի:
«Ես չեմ բողոքում, ես ունեմ իմ հայացքները: Ես ունեմ իմ բողոքի թեմաները, և դրանք կապված չեն իշխանության հետ: Ես ակցիայի կողմնակից չեմ, կարծում եմ, որ այլ լուծում կա: Նրանք, ովքեր հիմա բողոքի ակցիաներին են մասնակցում, շատ դեպքերում, մտածում են Եվրոպայի մասին, նրանք ակնկալում են ստանալ եվրոպական կրթություն։ Եթե չստացվի, նրանք կգնան Եվրոպա, նրանք դեմ են իշխանությունների մոտեցումներին։ Եթե նրանք այդքան սիրում են իրենց հայրենիքը, ապա որոշումը կարող է բոլորովին այլ լինել: Նրանք խոսում են թշնամանքի լեզվով, այդպես ոչինչ չի ստացվի: Ես այսպես եմ հասկանում իրավիճակը, այդպես էլ բացատրում եմ: Թեև հասարակական կազմակերպությունները քարոզում են եվրոպականը, ամենայն հավանականությամբ, նրանք սխալ են հասկանում, կամ նրանք իրենց գործում պրոֆեսիոնալ չեն, քանի որ սխալ տեսանկյունից են ցույց տալիս Եվրոպան»:
Որոշ երիտասարդներ պատրաստ են բողոքել, բայց ոչ Ախալքալաքում, համարելով, որ իրենց գործողությունները կարող են բերել նրան, որ իրենց հարազատների վրա ճնշում գործադրեն։
«Եթե ես մասնակցեմ Ախալքալաքում բողոքի ցույցին, իմ ընտանիքին կհետապնդեն: Ես ամեն կերպ ցույց եմ տալիս իմ անձնական դիրքորոշումն այս հարցում, բայց այստեղ, անհասկանալի մարդկանց ներկայությամբ բողոքի ցույցի գնալը և նրանց ինչ-որ բան բացատրելն իրատեսական չէ։ Ես ավելի լավ է գնամ Թբիլիսի հանրահավաքի, կարող եմ ամբողջ գիշեր այնտեղ լինել»,- ասում է ուսանողուհին, ով սովորում է Ախալքալաքում:
Թբիլիսիի համալսարաններից մեկի ուսանողուհին կարծում է, որ որոշ երիտասարդներ խուսափում են բողոքի ակցիաներից իրենց ծնողների դիրքորոշման պատճառով։
«Ոչ, երևի, ես չեմ մասնակցի բողոքի ակցիային, բայց ընդհանրապես, երբ այս կամ այլ թեմայով բողոքի ակցիաներ էին լինում, ծնողներս միշտ վախենում էին ու ասում, որ չգնամ այնտեղ»,- ասում է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: