երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը հատուկ տեղ է զբաղեցնում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի համատեղ նախագծերի շարքում. Ալիև

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը հատուկ տեղ է զբաղեցնում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի համատեղ նախագծերի շարքում. Ալիև

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը հատուկ տեղ է զբաղեցնում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի համատեղ նախագծերի շարքում,  այն մեծ օգուտ կբերի բոլոր մասնակիցներին։ Այս մասին այսօր Բաքվում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք քննարկել ենք եռակողմ (Ադրբեջան, Իրան, Ռուսաստան) համագործակցության նախագծեր։ Դրանց թվում, բնականաբար, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը զբաղեցնում է հատուկ տեղ»

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նշել է, որ Ադրբեջանն իր տարածքում ավարտել է տրանսպորտային միջանցքի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները։

«Ներկայում մենք պարզապես ընդլայնում ենք մեր տրանսպորտային հնարավորություններն ու ենթակառուցվածքները՝ հաշվի առնելով բեռների աճող ծավալը»,-ասել է Ալիևը:

Նա նաև հավելել է, որ Բաքուն և Թեհրանն ավանդաբար աջակցում են միմյանց միջազգային կազմակերպությունների շրջանակում, մասնավորապես, ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության կազմակերպության, Չմիավորման շարժման և այլ միջազգային կառույցների շրջանակներում։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Իրանի նախագահի Բաքու այցը էական դեր կխաղա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում։

  • Կիսվել: