Հուսով ենք՝ ոչ ոք չի փորձի փորձարկել ՀԱՊԿ-ի կայունությունն ու ագրեսիվ գործողություններ սկսել կազմակերպության որևէ անդամի դեմ․ Լավրով
Ռուսաստանը շահագրգռված է Աֆղանստանում խաղաղության հաստատման հարցում և ձգտելու է դրան, այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է TASS-ը։
«Կենտրոնական Ասիայի մեր հարեւանների հետ մեր դիրքորոշումն այն է, որ ՀԱՊԿ շրջանակում բոլոր պարտավորություններն ուժի մեջեն մնում: Իհարկե, հուսով ենք, որ ոչ ոք չի փորձի փորձարկել հավաքական անվտանգության մասին պայմանագրի կայունությունն ու ագրեսիվ գործողություններ սկսել կազմակերպության որեւէ անդամի նկատմամբ»,-ասել է նա «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. Հաջողություններ, մարտահրավերներ, խնդիրներ եւ հեռանկարներ» վեբինարի ժամանակ:
Լավրովը նաև նշել է, որ Աֆղանստանի կառավարությունը ստեղծված իրավիճակում, որն առաջացել է ամերիկյան զինված ուժերի հեռանալուց հետո, պետք է մտածի ոչ թե իշխանությունը պահելու, այլ երկրի ապագայի մասին: Մասնավորապես, սկսել բանակցություններ թալիբների հետ, որոնք, ըստ որոշ աղբյուրների, արդեն վերահսկում են Աֆղանստանի տարածքի 70-80 տոկոսը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Թալիբանը» Աֆղանստանում խաղաղության պայման է համարել երկրի գործող նախագահ Աշրաֆ Ղանիի հրաժարականը և նոր կառավարության ձևավորումը: Սակայն շարժման ներկայացուցիչը ավելի ուշ հերքել է այդ լուրը: