Լավրովը հիշատակել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը
«Եվրամիությունը ոչ միայն փորձում է ընդհատակյա եղանակներով իշխանություն փոխել այլ երկրներում, այլև հպարտանում է իր մեթոդներով»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի նամակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Կնշեմ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի շնորհավորանքը, որն ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մեջբերում եմ. «Թավշյա հեղափոխության ոգին, որը դուք գլխավորեցիք 2018 թվականին, ապրում է և ծաղկում։ Երևանը կարող է ապավինել Եվրոպային»։ Այլ կերպ ասած՝ հիմա արդեն ոչ միայն փորձում են գաղտնի մեթոդներով իշխանություն փոխել, այլև հպարտանում են նրանով, որ իրականացնում են գունավոր, թավշյա և այլ հեղափոխություններ»,-ասել է Լավրովը՝ Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ դեսպանական կլոր սեղանի ընթացքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում նշված է.
«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։
Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»։



