Լավրովն ու Արաղչին անդրադարձել են Իրան-ԱՄՆ հուշագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքներին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները:
«Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստման ընթացքի մասին, որը պետք է արձանագրի Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցումը և մեկնարկ տա Իրանի ու ԱՄՆ-ի միջև համալիր պայմանավորվածության կնքման շուրջ բանակցություններին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 15-ի գիշերը հաստատել են հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, որը պետք է ստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին: Ինչպես նշել է իրանական կողմը, հուշագիրը ենթադրում է ռազմական գործողությունների ավարտ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:


