Մեկնարկել է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի ինտենսիվ ինկուբացիոն փուլը
Հունիսի 29-ին ազդարարվել է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մեկշաբաթյա ինտենսիվ ինկուբացիոն փուլի մեկնարկը, որն իրականացվում է աշխարհահռչակ «Plug and Play» հարթակի հայաստանյան ներկայացուցչության («Plug and Play Armenia») հետ գործակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:
Ծրագրին մասնակցում է 16 տեխնոլոգիական ստարտափ։ Նախագծի շրջանակում Հայաստան են ժամանել միջազգային վարկանիշ ունեցող հեղինակավոր մենթորներ Դանիայից, Գերմանիայից, Կիպրոսից և Ֆրանսիայից (Սուսեն Լունդ, Կեյ Հիսի, Սայմոն Օհլեր, Եվանգելիա Աթանասիու և Դեա-Անն Դ'Ամիկո), որոնք անհատական խորհրդատվական հանդիպումներ են անցկացրել ստարտափների ներկայացուցիչների հետ։
Մենթորական ինտենսիվ աջակցությունն ուղղված է ստարտափների ռազմավարության լավարկմանը, նրանց արժեքային առաջարկի հստակեցմանն ու շուկա դուրս գալու արդյունավետ մոդելների մշակմանը։ Ծրագրի շրջանակում նախատեսված են նաև թեմատիկ աշխատարաններ:
Ծրագիրը տևել է մինչև հուլիսի 3-ը: Ավարտին մասնակից ընկերությունները հասանելիություն են ունենալու «Plug and Play»-ի գլոբալ ցանցին (Playbook), ինչը թույլ է տալու տեղական ստարտափներին ուղիղ կապեր հաստատել միջազգային գործընկերների ու պոտենցիալ հաճախորդների հետ՝ մեծացնելով բիզնես ծրագրերի իրագործման հնարավորություններն ու աշխարհագրությունը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիրը կյանքի է կոչվում 2019 թվականից՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը և խթանել նորարարական միջավայրի զարգացումը։



