հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակում. Քոչարյան

Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակում. Քոչարյան

Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակում և ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում։ Այս մասին այսօր Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ բարդ տարածաշրջանում գտնվող փոքր երկրի համար մեծ սպառնալիք է պաշտպանական կառույցի մաս չլինելը, իսկ Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ի այլընտրանքը ՆԱՏՕ-ն է։

«Փոխանակ ՀԱՊԿ-ում, ՌԴ-ի և այլ երկրների հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու, գրեթե բոլորի հետ փչացրել են հարաբերությունները, հետո էլ նեղանում են։ Պետք է վերականգնել հարաբերությունները։ Կազմակերպության կենտրոնական երկիրը ՌԴ-ն է, նրա շուրջ է կառուցվում ՀԱՊԿ-ը։ Վերականգնելով հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ լրջորեն կամրապնդենք անվտանգությունը»,-ասել է Քոարյանն ու հիշեցրել երկկողմ պայմանագրի և ռազմաբազայի առկայության մասին։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ շրջանակում հնարավոր էր մեծ արտոնություններով համալրել սպառազինությունը, և շատ հարցեր լուծվում էին առանց գումարի։

«Հիմա խոսում են զորահանդեսի մասին։ Ցույց տվեցին ֆրանսիական հրետանու կադրերը։ Դա լավ սպառազինություն է, արժե մոտ 5-6 միլիոն դոլար, ավտոշասսիի վրա է, Caesar էր, եթե չեմ սխալվում։ Նմանատիպ սպառազինություն ունի Ռուսաստանը, գինը՝ 2,5 միլիոն դոլար։ Ֆրանսիական համակարգի տրամաչափը 155 միլիմետր է, ռուսականինը՝ 152 միլիմետր, հեռահարությունը նույնն է, հզորությունը՝ նույնը, բայց մի քանի անգամ էժան է։ Եվ կարելի էր գինն էլի իջեցնել։ Ֆրանսիական զինամթերքն արժե 2,5-5 հազար դոլար, ռուսականը՝ 800-1000 դոլար։ Սա ևս հսկայական տարբերություն է։ Ունենալով նման հնարավորություն՝ ինչո՞ւ գնացիր ուրիշ տեղից գնելու։ Այս հարցի պատասխանը չկա»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը:

Նրա խոսքով՝ պատասխաններ չկան նաև այն հարցերին, թե ինչպես է տեխնիկան սպասարկվելու, ինչպես է համալրվելու զինամթերքը, ո՞ր ճանապարհով են բերելու։ «Ինչպես «СУ»-երի պատմության դեպքում՝ ոչ մի անգամ չօգտագործեցին։ Բերում են լավ, թանկարժեք սպառազինություն, որը փաստ չէ, որ կկարողանան օգտագործել»,- նկատել է Քոչարյանը։

Նա նաև հիշեցրել է, որ ներկայում ամենամեծ ռազմական փորձն ունի ռուսական բանակը, և մեղք է դրանից չօգտվելը։ «Կցուցադրեն ու կասեն, թե սա «վունդերվաֆե» է»,-ասել է Քոչարյանը:

  • Կիսվել: