Եթե իշխանափոխություն էլ լիներ, դատարանից որևէ ակնկալիք չէի ունենա, պայքարում եմ, որ արդարացվեմ. Դավիթ Տոնոյան
Ակնկալիքներ չունեմ դատարանից, գործը իրականում ավարտական փուլում է, եթե որևէ բան չփոխվի, ես այսօր պետք է հակառեպլիկով հանդես գամ, հետո երևի կմնան վերջին խոսքերը, և դրանով այս փուլը կավարտվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Հարցին՝ եթե ընտրությունների արդյունքում իշխանափոխություն լիներ, էլի ակնկալիք չէիք ունենա՞, նա պատասխանեց. «Ես երկու պարագայում էլ չունեմ ակնկալիք, որևիցե ակնկալիք չկա։ Ամեն ինչ կախված է նրանից, թե դատական պրոցեսում ինչքան կոմպենտենտություն կդրսևորվի»։
Դավիթ Տոնոյանը չցանկացավ կանխատեսել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի. «Յոթ անձ կա, որոնց այստեղ մեղադրանք է ներկայացված, ու շատ տարբեր որոշումներ կարող են լինել։ Ես իրավունք չունեմ այսքանից հետո ինքս ինձ ինչ-որ լավատեսական բաների մասին խոսել, բայց ես պայքարում եմ մինչև վերջ, որպեսզի արդարացման որոշում կայացվի։ Ես անձամբ դրա համար եմ պայքարում։ Չկան ապացույցներ, որոնք իմ մեղադրանքն են ապացուցում»,–ասաց նա։



