շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հունվարին աշխարհում ավելի քան 40 հազար մարդ է հիվանդացել խոլերայով. ԱՀԿ

Հունվարին աշխարհում ավելի քան 40 հազար մարդ է հիվանդացել խոլերայով. ԱՀԿ

Աշխարհում խոլերայով հիվանդացածների թիվը 2023 թվականին գերազանցել է 700 հազարը, 2024 թվականի հունվարին արդեն հիվանդացել է ավելի քան 40 հազար մարդ։ Այդ մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ աշխարհում այդ հիվանդության հետագա տարածման վտանգը գնահատելով շատ բարձր։

Խոլերայի կայուն տարածումն «ակնհայտ է դառնում 2024 թվականի սկզբին. միայն հունվարին 17 երկրներից ստացվել են հաղորդումներ հիվանդության 40 900 դեպքի և 775 մահվան մասին»։ Տարեսկզբից այս հիվանդությունը գրանցվել է ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից չորսում՝ Աֆրիկայում, Արևելյան Միջերկրականում, Ամերիկայում և Հարավարևելյան Ասիայում: Հիվանդացության առանձնապես սաստիկ բռնկում է գրանցվել Զամբիայում և Զիմբաբվեում:

ԱՀԿ-ում հիշեցրել են, որ 2023 թվականին 30 երկրներում գրանցվել է խոլերայի ավելի քան 708 200 դեպք, մահացել է ավելի քան 4300 մարդ։ Ինը պետություններում դեպքերի թիվը գերազանցել է 10 000-ը: Կազմակերպության տվյալներով՝ 2022 թվականին աշխարհում հայտնաբերվել է խոլերայի 472 697 դեպք, իսկ 2021 թվականին՝ 223 370։

«Խոլերայի դեմ գլոբալ պայքարի վրա շարունակում է ազդել  ներքին ընդունման պատվաստանյութերի (OCV) խիստ պակասը», - նշել են ԱՀԿ-ում:

2023 թվականի հունվարից մինչև 2024 թվականի հունվարը OCV-ի շտապ պահանջարկի թիվը կտրուկ աճել է. 14 երկիր խնդրել է 76 միլիոն դեղաչափ, մինչդեռ առկա է եղել ընդամենը 38 միլիոն դեղաչափ:

2023 թվականի հունվարին ԱՀԿ-ն աշխարհում խոլերայի  տարածումը դասակարգել է որպես «երրորդ դասի արտակարգ իրավիճակ», որը արտակարգ իրավիճակների ամենաբարձր մակարդակն է:

Խոլերան առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որի պատճառը խոլերայի կորամանրէներն են: Այն առաջանում է, երբ հարուցիչը հայտնվում է օրգանիզմում վարակված սննդի կամ ջրի հետ:

  • Կիսվել: