չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հունգարիան մերժել է ռուսական նավթից և գազից հրաժարվելու Ուկրաինայի կոչը

Հունգարիան մերժել է ռուսական նավթից և գազից հրաժարվելու Ուկրաինայի կոչը

Հունգարիայի իշխանությունները մերժել են ռուսական նավթից ու գազից հրաժարվելու Կիևի կոչը և թույլ չեն տվել ուկրաինական կողմին զենք մատակարարել երկրի տարածքով։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն՝ Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովից հետո՝ գրում է ՏԱՍՍ-ը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել էր պաշտոնական Բուդապեշտին երկու պահանջով՝ թույլատրել զենքի մատակարարումները Հունգարիայի տարածքով և դադարեցնել բնական գազի ու նավթի գնումը Ռուսաստանից։ Սիյարտոն ընդգծել է, որ Հունգարիայի կառավարությունը չի համաձայնի դրան, քանի որ չի ցանկանում վտանգել հունգար ժողովրդի կյանքն ու անվտանգությունը և չի ցանկանում, որ իր երկրի քաղաքացիները «վճարեն պատերազմի համար»։

Հունգարիայի վարչապետն էլ հաստատել է, որ Բուդապեշտը դեմ է նման միջոցառմանը, քանի որ գազի 85, իսկ նավթի 60 տոկոսը Հունգարիա է գալիս Ռուսաստանից։ Պատժամիջոցների պատճառով կանգ կառնի Հունգարիայի տնտեսությունը, իսկ նման զարգացումը հակասում է հունգարացիների շահերին։

Հունգարիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Բուդապեշտը պաշտպանում է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների վերաբերյալ և իր մասով ամեն ինչ կանի, որպեսզի ռազմական հակամարտությունը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից։ Նա մտահոգություն է հայտնել դաշինքի մի շարք երկրների՝ Մոսկվայի դեմ առճակատման կոչերի կապակցությամբ։

  • Կիսվել: