Հռոմի պապի ավտոմեքենան կվերածվի շարժական բուժօգնության կենտրոնի՝ Գազայի երեխաների համար
Ֆրանցիսկոս պապի ավտոմեքենան՝ պապամոբիլը, որով նա տարիներ շարունակ ողջունել է միլիոնավոր հավատացյալների, կվերածվի շարժական բուժօգնության կենտրոնի՝ Գազայի երեխաների համար, տեղեկացնում է vaticannews-ը։
Ինչպես նշվում է՝ սա Նորին Սրբության վերջին մարդասիրական ցանկությունն էր:
Հաղորդվում է նաև, որ Հռոմի պապը, խոսելով Գազայում իրենց տունը լքած միլիոնավոր երեխաների մասին, ասում էր. «Երեխաները պարզապես թվեր չեն։ Նրանք դեմքեր են, անուններ ու պատմություններ։ Յուրաքանչյուրը՝ սուրբ է»:
Նրա այդ խոսքերը նյութականացան «Հույսի մեքենայի» ստեղծմամբ։ Մեքենան հագեցած է բժշկական զննման, ախտորոշման ու բուժման սարքավորումներով։
Շվեդիայի «Կարիտաս»-ի գլխավոր քարտուղար Փիթեր Բրունը հայտնել է, որ նախաձեռնությունն իրականացվել է հավատացյալների նվիրատվությունների շնորհիվ՝ ընդգծելով, որ շարժական հիվանդանոցը կօգնի բուժօգնությունից զրկված վիրավոր և թերսնված երեխաներին։