շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Հորդանանի վարչապետը հրաժարական է տվել

Հորդանանի վարչապետը հրաժարական է տվել

Հորդանանի վարչապետ Բիշեր Ալ-Խասաունան այսօր՝ խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց, հրաժարական է տվել, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ում կրթություն ստացած Ջաֆար Հասանը, որն այժմ Աբդալլահ թագավորի գրասենյակի ղեկավարն է և պլանավորման նախկին նախարարը, կփոխարինի Ալ-Խասաունային: Ըստ աղբյուրների՝ Հասանը պետք է լուծի թագավորության տնտեսության վրա Գազայի պատերազմի ազդեցությունը մեղմելու խնդիրը, որը մեծապես տուժել է ներդրումների սահմանափակումներից և զբոսաշրջության կտրուկ անկումից:

Հեռացող վարչապետը ձգտում էր արագացնել Աբդալլահ թագավորի առաջարկած բարեփոխումները, որոնք պետք է աշխուժացնեին տասնամյա դանդաղ տնտեսական աճը, որը տատանվում էր 2 տոկոսի մակարդակում և խորացել էր համավարակի և հարևան Իրաքում ու Սիրիայում հակամարտությունների պատճառով:

Ընդդիմությունը, որը կազմված է «Մուսուլման եղբայրներից» և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գաղափարական դաշնակիցներից, զգալի հաջողությունների էր հասել երեքշաբթի կայացած ընտրություններում, ինչին նպաստել էր Գազայում Իսրայելի պատերազմի առիթով վրդովմունքը:

138 անդամ ունեցող նոր խորհրդարանը պահպանում է կառավարամետ մեծամասնությունը, սակայն իսլամիստների գլխավորած առավել ակտիվ ընդդիմությունը կարող է մարտահրավեր նետել ԱՄՀ-ի ազատ շուկայի բարեփոխումներին և արտաքին քաղաքականությանը:

  • Կիսվել: