ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հնդկաստանն ու Պակիստանը փոխանակել են միջուկային օբյեկտների և պահվող անձանց ցուցակները

Հնդկաստանն ու Պակիստանը փոխանակել են միջուկային օբյեկտների և պահվող անձանց ցուցակները

Հնդկաստանը և Պակիստանը փոխանակել են երկու երկրների միջուկային օբյեկտների և անազատության մեջ գտնվող քաղաքացիների ցուցակները՝ հայտնել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ միջուկային օբյեկտների ցուցակների փոխանակումը տեղի է ունեցել դրանց վրա հարձակումների կանխման մասին 1988 թ. պայմանագրի համաձայն: Պայմանագիրը նախատեսում է, որ Հարավային Ասիայի երկու հարևան միջուկային տերությունները յուրաքանչյուր տարվա սկզբին պետք է միմյանց տեղեկացնեն իրենց տարածքում գտնվող միջուկային օբյեկտների մասին, որպեսզի կանխեն դրանց վրա չարտոնված հարձակումները: Դա համարվում է տարածաշրջանում անվտանգության պահպանմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը։ Այդ փաստաթղթերի առաջին փոխանակումը տեղի է ունեցել 1992 թ. հունվարի 1-ին։

Ինչ վերաբերում է անազատության մեջ գտնվող անձանց ցուցակներին, ապա Հնդկաստանը Պակիստանին է փոխանցել 282 քաղաքացիական անձանց և 73 ձկնորսի, իսկ Պակիստանը՝ 51 քաղաքացիական անձանց և 577 ձկնորսի անուններից կազմված ցուցակներ:

Հնդկաստանի և Պակիստանի քաղաքացիները հաճախ են հայտնվում հարևան երկրում՝ լեռնային շրջաններում ոչ հստակ սահմանազատված սահմանի պատճառով: Ձերբակալվածների թվում շատ են ձկնորսները։

  • Կիսվել: