ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հնարավոր է՝ Սաակաշվիլիի գործն ուղարկվի Ստրասբուրգ

Հնարավոր է՝ Սաակաշվիլիի գործն ուղարկվի Ստրասբուրգ

Թբիլիսիի Վերաքննիչ դատարանի որոշումը՝ երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտասահման տեղափոխելու միջնորդությունը մերժելու մասին, ամենայն հավանականությամբ, կբողոքարկվի Ստրասբուրգում։ Այս մասին գրում է «Ալիք Մեդիան»։

Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով՝ ինքը վերջնական որոշմանը սպասում է անձամբ երրորդ նախագահից և ընտանիքի անդամներից։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվել է երեկ՝ մարտի 2-ին։ Դատավորը գործը քննել է առանց բանավոր լսումների և ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը, ըստ որի՝ մերժվել է առողջական վիճակի պատճառով Սաակաշվիլիին ազատելու կամ պատիժը հետաձգելու միջնորդությունը։

Ի դեպ, Խաճապուրիձեն փետրվարի 21-ին բողոքարկել է Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը Վերաքննիչ դատարան։

Նշենք նաև, որ Վրաստանի երրորդ նախագահը բանտում է գտնվում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Այս երկուսից բացի, ևս երեք գործ է հարուցվել Սաակաշվիլիի նկատմամբ։

Ձերբակալման առաջին օրը Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո։ Հարազատների ու փաստաբանների խոսքով՝ Սաակաշվիլին Վրաստանում պատշաճ բուժում չի ստանում։

Թբիլիսիի քաղաքային դատարանը երկամսյա վերանայումից հետո՝ փետրվարի 6-ին, մերժել է փաստաբանների միջնորդությունը` Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը հաշվի առնելով ազատել նրան կամ հետաձգել պատիժը` արտերկրում բուժում ստանալու հնարավորություն ընձեռելով։

  • Կիսվել: