Հայտնի է՝ ի՛նչ են քննարկել Էրդողանն ու Պուտինը
Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների վիճակը, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, Պաղեստինի դեմ Իսրայելի ագրեսիան, սիրիական կարգավորումը և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:
Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանային և գլոբալ կայունության ապահովման համար:
«Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարող է հող ձևավորել հրադադարի համաձայնագրի, ապա նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու համար: Նա վստահություն է հայտնել, որ հնարավոր կլինի արդար կարգավորում, որը կբավարարի երկու կողմերին:
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Իսրայելի հարձակումները պաղեստինյան տարածքի վրա և Թել Ավիվի սպառնալիքները Լիբանանի հասցեին սպառնում են տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանն ու կայունությանը:
Նրա խոսքով՝ հակամարտության տարածումը ամենամեծ վնասը կհասցնի տարածաշրջանի երկրներին։ Թուրքիայի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել «ջանքերը կենտրոնացնել Իսրայելին կանգնեցնելու վրա»:
Էրդողանն անդրադարձել է նաև ահաբեկչության դեմ պայքարի թեմային: Նա ընդգծել է, որ Թուրքիան վճռական է իր սահմանների մոտ ահաբեկչական պետության ստեղծումը թույլ չտալու հարցում:
Նա ընդգծել է ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի համար բարենպաստ միջավայր ստեղծող անկայունության դադարեցման համար կոնկրետ միջոցների ձեռնարկման կարևորությունը: Նախագահ Էրդողանը հայտնել է այդ ուղղությամբ համագործակցելու Թուրքիայի պատրաստակամությունը»,- ասված է թուրքական կողմի հաղորդագրության մեջ: