շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Անկարայի քայլերը նպաստում են «Իսլամական պետություն» ուժեղացմանը

«Հայաստանի Հանրապետություն»․ Անկարայի քայլերը նպաստում են «Իսլամական պետություն» ուժեղացմանը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ Անկարայի քայլերը նպաստելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աշխուժացմանը, ինչը, ցավոք, իրականություն է դառնում: Այս օրերին ահաբեկիչները սպանել են Քամիշլիի հայ կաթողիկե համայնքի հովվապետ տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` տեր Աբրահամ քահանա Պետոյանին: Ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ, ԻՊ-ը ստանձնել է հայ հոգեւորականների սպանության պատասխանատվությունը:

Այս դեպքերը խստիվ դատապարտել է Սիրիայի կառավարությունը, որը համոզված է, որ հակամարտության բորբոքում թուրքական կողմն է ցանկանում: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի նախագահի հետ հանդիպման գաղափարը տեղին չի համարել. «Հազիվ թե նա, ով գրավում է քո տարածքը, կարող է ցանկալի զրուցակից լինել: Մեր թշնամիներն են՝ Էրդողանը, նրա քաղաքականությունն ու շրջապատը… »: Ասադը միաժամանակ նշել է, որ իրենք բանակցություններ վարել են, բայց ոչ Էրդողանի հետ:

Այսպես Դամասկոսը փորձում է գոնե սառեցման տանել հակամարտությունը՝ թշնամու հետ բանակցելու պատրաստակամություն հայտնելով, ինչը նաեւ հնարավորություն կտա ռուսական կողմին, որ անվտանգության գոտում պարեկային ծառայություն է իրականացնում թուրքական զինուժի հետ, շարունակել միջնորդավորված բանակցությունները թուրք-ամերիկյան կողմի հետ, թուրքական հետագա սադրանքներից խուսափելու համար:

Տարածաշրջանում թուրք-սիրիական դեռ տաք եւ հայ-ադրբեջանական սառեցված հակամարտությունների կողքին կարող է վերսկսվել եւս մեկը՝ պաղեստինա-իսրայելականը, եթե միջազգային նոր օրակարգը հաստատվի…

Ծավալումներն անխուսափելի են, ու մենք չպետք է մոռանանք, որ եվրոպական երկրների մեծ մասը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմամբ, քանի որ սեփական շահեր են հետապնդում Եվրոպա-Ասիա խաչմերուկում՝ Մերձավոր Արեւելքում: Որպեսզի մեր երկրի դերը եւս մեկ անգամ կարեւորենք, պիտի հիշեցնենք, որ այդ ճամփաբաժանը նախկինում այլ անուն ուներ՝ Հայկական լեռնաշխարհ, երբ Մերձավոր Արեւելքի ու Կովկասի միջեւ Հայոց պետությունն էր կանգնած՝ Հայքը: Եվ շատ կարեւոր է, որ Հայաստանի դերն ու նշանակությունը վերաարժեւորվել է հին «Մետաքսի ճանապարհի» նոր ծրագրում, Հայաստանի դերն առաջ է քաշվել հենց Չինաստանի կողմից …»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: