ԵՏՀ նախարարը կոչ է արել ՀՀ մաքսային ծառայության «մեկ պատուհանի» փորձը տարածել ամբողջ ԵԱՏՄ-ի վրա
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովն այսօր Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական ֆորումի ժամանակ առաջարկել է մաքսային ոլորտում ՛՛մեկ պատուհանի՛՛ սկզբունքի ներդրման հայկական փորձը տարածել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների վրա։
Նրա խոսքով՝ Հայաստանի Պետական Եկամուտների Կոմիտեում գործող էլեկտրոնային ՛՛մեկ պատուհանի՛՛ համակարգը պարզ է և մատչելի. նույնիսկ փորձ չունեցող ձեռնարկատերերը կարող են հեշտությամբ լրացնել մաքսային հայտարարագրերը, կցել ուղեկցող փաստաթղթեր և ստանալ թույլտվություններ։
՛՛Արժե մտածել, թե ինչպես կիրառել ձեր հաջողված փորձը ԵԱՏՄ մյուս երկրներում՛՛,-նշել է Դավիդովը՝ դիմելով տեսակապի միջոցով քննարկմանը միացած ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանին։
Քննարկմանը մասնակցել է նաև Եվրոպական բիզնեսների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Տաձիո Շիլինգը, որն ընդգծել է ԵԱՏՄ սահմաններին միջազգային բեռների մաքսային ձևակերպման ժամանակը 10 րոպեով նվազագույնի հասցնելու կարևորությունը։
՛՛Դա հենց այն նպատակն է, որը նախկինում ուրվագծել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՛՛,-հիշեցրել է նա։