հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Պետության վախճանի ամբողջ հաշիվը կրկին փակելու էր ժողովուրդը՝ աղքատությամբ, արտագաղթով, բռնաճնշումներով. Հայկ Կոնջորյան

Պետության վախճանի ամբողջ հաշիվը կրկին փակելու էր ժողովուրդը՝ աղքատությամբ, արտագաղթով, բռնաճնշումներով. Հայկ Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրառում է կատարել՝ նշելով, որ բոլոր այն քաղաքական ուժերը և գործիչները, ովքեր այս օրերին արդարացնում կամ մեղմացնում են Բագրատ Գալստանյանի կողմից նախապատրաստված ահաբեկչության փորձը, դրա հաջողության դեպքում նույն հետևողականությամբ արդարացնելու էին ահաբեկչությանը հաջորդող անխուսափելի փուլերը՝

Հայաստանում խամաճիկային ռեժիմի հաստատումը.
Ընտրական ինստիտուտի ոչնչացումն ու ժողովրդավարության վախճանը.
Նոր «գույք պարտքի» դիմաց և «Մեղրին Ղարաբաղի դիմաց» գործարքները.
Պետության կազմալուծումը և ինքնիշխանության զիջումը արտաքին ուժին։

«Այս հրեշավոր գործարքի արդյունքում դրա բոլոր մասնակիցները ստանալու էին իրենց համապատասխան վարձատրությունը՝ ընտրապիղծ «եռանախագահներից» մինչև սրբապիղծ «հայրապետ»։ Միակ սուբյեկտը, որը ոչինչ չէր ստանալու գործարքի ավարտին, լինելու էր ժողովուրդը։

Ավելին՝ պետության վախճանի ամբողջ հաշիվը կրկին փակելու էր ժողովուրդը՝ աղքատությամբ, արտագաղթով, բռնաճնշումներով։

Երեկվա բացահայտումը խափանել է այս ծրագիրը և ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը պաշտպանել է սեփական ժողովրդին ու պետությունը։

Եթե դուք պետության կողքին եք, եթե դուք պատմության ճիշտ կողմում եք, բացատրեք այս պարզ ճշմարտությունը մարդկանց և թույլ մի տվեք, որ անցյալի կեղտոտ ուրվականը ձեռք բարձրացնի ապագայի վրա»,- գրել է Կոնջորյանը։

Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:

ՔԿ-ն ներկայացրել էր «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

Վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.

«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ Եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ:

Երեկ՝ ուշ երեկոյան, «Սրբազան պայքար»-ի մի շարք մասնակիցներ կալանավորվեցին։

2 ամիս ժամկետով կալանավորվել է նաև «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը:

  • Կիսվել: