ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների և խոշտանգումների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նիստին

Ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների և խոշտանգումների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նիստին

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատգամավորն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Շնորհակալություն, պարո՛ն նախագահող: Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ռազմագերի լինելը պատիժ չէ: Դա պարզապես ռազմական միջոց է՝ կանխելու համար տվյալ անձանց հետագա մասնակցությունը ռազմական գործողություններին, կանխարգելու նրանց հետագա վերադարձը ռազմադաշտ: Ցավոք, այն իրավիճակը, որին այսօր բախվում ենք, հավասարեցնում է ռազմագերիներին հանցագործների կարգավիճակին: Մենք հավասարեցնում ենք ռազագերիների ճամբարները քրեակատարողական հիմնարկներին: Եվ, ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների եւ խոշտանգումների: Սա ամբողջովին խարխլում է Ժնեւյան կոնվենցիայի տրամաբանությունը, խարխլում է միջազգային մարդասիրական իրավունքի էությունը, որի համաձայն՝ զինվորին գերելը սոսկ նրա վերադարձը մարտադաշտ կանխելն է:

Իսկ երբ մենք խոսում ենք ռազմագերիների մասին, երբ խոսում ենք գերիների փոխանակման մասին, պետք է չմոռանանք, որ պատերազմական գործողությունների ավարտից հետո բոլոր ռազմագերիները պետք է հայրենադարձվեն: Ռազմագերիների հայրենադարձման անհիմն ձգձգումն ինքնին միջազգային հանցագործություն է:

Բայց, ավելին՝ Ժնեւյան կոնվենցիաները, միանշանակ, սահմանում են, որ որոշ կատեգորիայի ռազմագերիներ պետք է հայրենադարձվեն, նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում: Դրանք են՝ անդամալույծները, հոգեկան հիվանդություն կամ լուրջ առողջական խնդիրներ ունեցողները: Այս կատեգորիան պետք է ազատ արձակվի նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, այս զեկույցը մենք օգտագործում ենք որպես հիշեցում այն մասին, որ միջազգային մարդասիրական իրավունքը դեռ գործում է: Եվ ցանկանում եմ եւս մեկ անգամ հիշեցնել բոլոր ավտորիտար ղեկավարներին, որ միջազգային քրեական իրավունքում, մարդկության դեմ ուղղված հանցագործություններն ու ռազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն:

Շնորհակալություն»:

  • Կիսվել: