երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հարավային Կորեան առաջին անգամ պատրաստակամություն է հայտնել զենք մատակարարելու Ուկրաինային

Հարավային Կորեան առաջին անգամ պատրաստակամություն է հայտնել զենք մատակարարելու Ուկրաինային

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ երկրի կառավարությունը նախագծեր է մշակում Ուկրաինայի պաշտպանությանն ու վերականգնմանն ուղղված օգնության համար:

Սա առաջին անգամ է, երբ Հարավային Կորեայի ղեկավարը խոսել է Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորության մասին: Մինչ այժմ Սեուլը Կիևին մարդասիրական օգնություն է ցուցաբերել, ինչպես նաև ռազմական սարքավորումներ է մատակարարել, ինչպես օրինակ՝ սաղավարտներ և զրահաբաճկոններ:

Կորեայի առաջատար ընդդիմադիր դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Պակ Հոն Ընը նախագահին հորդորել է հրաժարվել Ուկրաինային զենք մատակարարելու մտքից:

Ռուսաստանն արձագանքել է Յունի հայտարարությանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Կիևին զենքի մատակարարումը այդ թվում՝ Հարավային Կորեայից, դիտարկվում է որպես բացահայտ թշնամական հակառուսական գործողություն: Զախարովայի խոսքով՝ նման քայլերը խիստ բացասաբար կանդրադառնան երկկողմ հարաբերությունների վրա, և Մոսկվան «հաշվի կառնի այդ քայլերը տվյալ երկրի անվտանգության արմատական շահերին առնչվող հարցերի շուրջ ՌԴ դիրքորոշման ձևավորման ժամանակ»:

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին չի բացառել, որ Հարավային Կորեայի՝ Ուկրաինային զենք փոխանցելու դեպքում Ռուսաստանը կարող է ժամանակակից ռուսական զենք տրամադրել Հյուսիսային Կորեային:

  • Կիսվել: