Հարավային Կորեայում մահապատիժ են պահանջում նախկին նախագահի համար
Հարավային Կորեայի դատախազությունը պահանջել է մահապատժի ենթարկել նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին՝ 2024 թվականի դեկտեմբերին երկրում անօրինական ռազմական դրություն մտցնելու համար, տեղեկացնում է Yonhap-ը:
Կորեայի Հանրապետության նախկին նախագահի վերաբերյալ դատավճիռը կհրապարակվի փետրվարի սկզբին:
Բացի նախկին նախագահից՝ մեղադրյալների թվում են նաև պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն-Հյոնը, Ոստիկանության ազգային գործակալության նախկին ղեկավար Չո Ջի-Հոն ու ևս 5 նախկին պաշտոնյա, որոնց մեղադրում են ռազմական դրության պլանավորման և ներդրման գործում առանցքային դերակատարություն ունենալու մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2024-ի դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով «հյուսիսկորեամետ տարրերի» դեմ պայքարելու նպատակով ռազմական դրություն սահմանեց, որը չեղարկվեց մոտ վեց ժամ անց: Դեկտեմբերի 14-ին խորհրդարանը հավանություն տվեց Յուն Սոկ Յոլին պաշտոնանկ անելու նախագծին։


