Անկարգություններ Իրանում. Թեհրանի դատախազը ջարդերի մասնակիցներին սպառնացել է մահապատժով
Անկարգությունների մասնակիցներին, որոնք վնաս կպատճառեն հանրային և պետական գույքին, ինչպես նաև բախումներ կունենան իրավակարգի և անվտանգության ուժերի հետ, մահապատիժ է սպառնում: Այս մասին հայտարարել է Թեհրանի դատախազ Ալի Սալեհին, տեղեկացնում է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։
«Դատական համակարգի համար կարմիր գիծ է երկրի քաղաքացիների անվտանգությունը։ Ահաբեկիչների հանդեպ մեր մոտեցումը զսպող կլինի, իսկ նրանց նկատմամբ կընդունվի պետության դեմ պատերազմի մեջ մտնելու համար դատավճիռ» (իրանական օրենսդրությամբ դրա համար սահմանվում է մահապատիժ – խմբ.),-ասել է նա:
Նշվում է նաև, որ անկարգությունների հետևանքով զոհվել է 6 մարդ, զգալի վնաս է հասցվել մասնավոր և պետական սեփականությանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանում տեղի են ունեցել ամենածավալուն բողոքի ցույցերը, որոնք հրահրվել են 1979 թվականին գահընկեց արված իրանական վերջին շահի որդի Ռեզա Փեհլեվիի կոչով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա կարգերի:
Իսլամական Հանրապետությունում անկարգություններ կազմակերպելու մեջ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին:


