Հարավային Կորեայի նախագահը նախազգուշացրել է ԿԺԴՀ-ի հետ «պատահական բախումների» վտանգների մասին
Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մենը, Յոհաննեսբուրգից Անկարա ուղևորության ընթացքում, որը ներառված է Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի չորս երկրների այցի շրջանակում, լրագրողների հետ զրույցում նախազգուշացրել է Հյուսիսային Կորեայի հետ պատահական բախումների վտանգների մասին, տեղեկացնում է Yonhap-ը։
Նշվում է, որ նա ասել է, որ Սեուլը պետք է շարունակաբար և համբերատար ջանքեր գործադրի Փհենյանի հետ երկխոսության վերականգնման ուղղությամբ՝ այդ ռիսկերը նվազեցնելու համար:
Գնահատելով միջկորեական հարաբերությունները՝ Լի Չժե Մենը, մասնավորապես, նշել է. «Միջկորեական հարաբերությունները դարձել են ծայրահեղ թշնամական և հակամարտային, իսկ Հյուսիսային Կորեան ձեռնարկում է ծայրահեղ քայլեր՝ չունենալով անգամ նվազագույն վստահության մակարդակ։ Մենք գտնվում ենք չափազանց վտանգավոր իրավիճակում, երբ պատահական բախումներ կարող են բռնկվել ցանկացած պահի»։
Նա նաև կրկին կոչ է արել երկխոսության՝ այն բանից հետո, երբ Սեուլը առաջարկել էր անցկացնել ռազմական բանակցություններ՝ հստակեցնելու դեմարկացիոն գիծը և կանխելու սահմանին չնախատեսված բախումները։
Նշենք, որ այս առաջարկը հնչել է այն դեպքերի ֆոնին, երբ հյուսիսկորեացի զինվորները կարճ ժամանակով հատել են դեմարկացիոն գիծը՝ տարածքը մաքրելու կամ բուֆերային գոտում ականներ տեղադրելու ընթացքում։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հարավային Կորեան կարո՞ղ է քննարկել ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների չեղարկման հարցը՝ Փհենյանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու նպատակով, պաշտոնյան ասել է, որ դեռ վաղ է եզրակացություններ անել՝ այս հարցը անվանելով «ամենազգայունը» Հյուսիսային Կորեայի համար։
Նա հավելել է, որ թեև երկարաժամկետ հեռանկարում ցանկալի կլիներ կայուն խաղաղության ռեժիմ, որտեղ մեծածավալ զորավարժությունների կարիք չի լինի, սակայն դրանց անցկացման որոշումները պետք է կախված լինեն փոփոխվող հանգամանքներից։


