Հարավային կորեայում Թրամփին դիմավորել են ռազմական պատիվներով և շքեղ նվերներով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գյունջու քաղաքում հանդիպել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունի հետ։
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Թրամփին դիմավորել են ռազմական պատիվներով և շքեղ նվերներով։ Նրան նվիրել են Հարավային Կորեայի պատմական ոսկե թագի կրկնօրինակը։ Նա նաև դարձել է առաջին ամերիկացի առաջնորդը, որին շնորհվել է Հարավային Կորեայի բարձրագույն պարգևը՝ Մուգունհվայի մեծ շքանշանը՝ ի նշան Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելու նրա ջանքերի։
Թրամփն ավելի վաղ նշել էր Հարավային Կորեայում իր մնալը երկարաձգելու հնարավորության մասին՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու համար, սակայն չորեքշաբթի հայտարարել է, որ իր գրաֆիկը «շատ խիտ է»։
Հիշեցնենք, որ հինգշաբթի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովից առաջ Թրամփը հանդիպել է բիզնես առաջնորդների հետ և հայտարարել, որ Ասիա կատարած իր այցի ընթացքում «բեկումնային համաձայնագրեր» է ստորագրել Մալայզիայի, Կամբոջայի ու Ճապոնիայի հետ։


