ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Գրոսին հույս ունի, որ ԱՄՆ-ն հակաբունկերային ռումբ չի նետի Ֆորդոյում Իրանի օբյեկտի վրա

Գրոսին հույս ունի, որ ԱՄՆ-ն հակաբունկերային ռումբ չի նետի Ֆորդոյում Իրանի օբյեկտի վրա

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն հակաբունկերային ռումբեր չի կիրառի Ֆորդոյում Իրանի միջուկային օբյեկտին հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա.... Հուսով եմ, որ մենք կարող ենք վերադառնալ դիվանագիտական ​​լուծման.... Մենք կարծում ենք, որ ունենք լավ համաձայնագիր և հուսալի ստուգում։ Անհրաժեշտություն չկա, գիտեք, ոչնչացնելու բունկերները: Առաջ շարժվելու ճանապարհը դիվանագիտությունն է», - հայտարարել է նա։ 

Գրոսին նշել է, որ ռազմական գործողությունների համար չի կարող հիմք հանդիսանալ ԱԷՄԳ-ի զեկույցն Իրանի վերաբերյալ, որում նշվել էր, որ Իրանը համապատասխան բացատրություններ չի տրամադրում իր միջուկային ծրագրի տարբեր կողմերի վերաբերյալ։ 

Նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը «նոր չէ», սակայն ևս մեկ անգամ նշել է, որ զեկույցում նշվել է՝ ոչ մի ապացույց չկա, որ Իրանը ծրագրում է միջուկային զենք ստեղծել։

Նրա խոսքով՝ վառելիք ունենալը դեռ չի ​​նշանակում զենքի ստեղծում։ Նա ընդգծել է, որ այդ կերպ կարելի է միջուկային զենք մշակելու մեջ մեղադրել այն բոլոր երկրներին, որոնց տարածքներում գործում են ատոմակայաններ։  

Ավելի վաղ ԱԷՄԳ-ի ղեկավարը հայտարարել է, որ Իրանը չէր զբաղվել միջուկային ռումբի ստեղծմամբ Իսրայելի հարձակումների պահին:

 

  • Կիսվել: