ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ղարաբաղում պատերազմ չէ, այլ հայ ազգի ոչնչացում. ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնով

Ղարաբաղում պատերազմ չէ, այլ հայ ազգի ոչնչացում. ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնով

Լեռնային Ղարաբաղ այցելած Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը EADaily- ի թղթակցին պատմել է իր ուղևորության տպավորությունների մասին: Նա շեշտել է, որ Կովկասում շարունակվող բախումները իրականում հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի անդամ (Թուրքիայի) կողմից զինված հարձակման առաջին օրինակն է:

Լրագրողի այն հարցին, թե ինչ է տեսել պատգամավորը ԼՂ-ում, Վիտալի Միլոնովը պատասխանել է` «Թուրքական անօդաչու թռչող սարքերը, «ԴԱԻՇ» -ը («ԻՍ». Ռուսաստանի Դաշնությունում արգելված կազմակերպություն) վարձկաններ, ադրբեջանցի զինվորներ ... Ստեփանակերտի կենտրոնի գնդակոծում, ավերված տներ, հուղարկավորություն»:

Նա նշել է, ադրբեջանցի զինվորներին հեռվից է տեսել։

«Քանի որ եթե մոտ լիներ, ապա կա՛մ նրանք ինձ կսպանեին, կա՛մ ես նրանց: Շատ հնարավոր է, որ նրանք ադրբեջանցի զինծառայողներ չեն եղել: Չնայած բավականին դժվար է հասկանալ՝ նրանք ադրբեջանցի զինծառայողնե՞ր են, թե՞ իգիլիայից վարձկաններ: Նրանք երբեք հայերին գերի չեն վերցնում, նրանք գնդակահարում են նրանց: Անմիջապես մահապատժի ենթարկում»,-ասել է ՌԴ Պետդումայի պատգամավորը` հավելելով, որ դա է բացարձակ ճշարտությունը։

«Կան ցնցող կադրեր, թե ինչպես են ադրբեջանական ռազմական համազգեստով մարդիկ գալիս գյուղ, գերեվարում 75-ամյա մի տղամարդու, փաթաթում նրան Հայաստանի դրոշի մեջ, ապա կրակում: Նրանք նկարահանել են այդ ամենը ու քրքջացել: Այն, որ սրանք բարբարոսներ են` միանշանակ է»,-իրավիճակը ներկայացրել է Վիտալի Միլոնովը:

Նա նշել է, որ իրականում ադրբեջանցիները որևէ բանակ չունեն: Դա միֆ է` «Ինստագրամ»-ում «սելֆի» անելու համար:

 

«Նրանց մոտ հիմա մի կողմից Թուրքիայի գլխավոր շտաբի կեսն է նստած, մյուս կողմից՝ հետախուզական և հարվածային իսրայելական անօդաչուները, որոնք այսօր կիրառվում են ոչ միայն Ղարաբաղի տարածքում, այլև անմիջապես Հայաստանի տարածքում: Ես ինքս տեսել եմ այդ անօդաչուները»,- պատմել է պատգամավորը:

Նրա խոսքով, բնակչության 99%-ը հույս ունի, հավատում է, որ Ռուսաստանը կփրկի իրենց նոր ցեղասպանությունից, քանզի այն, ինչ անում է ադրբեջանական բանակը, դա պատերազմ չէ:

«Երբ բանակը պատերազմում է տեղի բնակչության հետ, ապա դա ազգի ամբողջական վերացում է: Ընդհանուր առմամբ, դա 1915թ. օսմանյան ագրեսիայի կրկնությունն է»,-կարծում է Միլոնովը:

Այն հարցին՝ արդյո՞ք ռուսական դիրքերն Անդրկովկասում ուժեղ են, ինչպես նախկինում, ՌԴ-ն ունի՞ այդքան հեղինակություն, որ կարողանա ազդել նման բարդ իրավիճակի վրա, պատգամավորը նշել է, որ իրենք անում են դա, փորձում են: Նրա կարծիքով՝ եթե չլիներ Ռուսաստանը, ապա այնտեղ շատ ավելի վատ կլիներ:

«Մենք, սակայն, չպետք է թուլանանք: Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանը, որպես միջազգային հանրության անդամ, խաղն ըստ կանոնների է վարում, իսկ Թուրքիան խաղում է առանց կանոնների: Թուրքիան խախտում է բոլոր երևակայելի կանոնները: Սա Հայաստանի և Ադրբեջանի պատերազմը չէ, սա, անկասկած, թուրքական աշխարհաքաղաքական ընդլայնում է և Ադրբեջանի ինքնիշխանության կորուստ, քանի որ այդ հանրապետությունն այժմ վերածվելու է ինչ-որ պրոտեկտորատի: Իսկ Իլհամ Ալիևը, ով այժմ իշխանության ղեկին է, հենց այս պահին իր անձնական խնդիրներն է լուծում, և անում է դա իր սեփական բնակչության հաշվին»,- նշել է ռուս պատգամավորը:

Միլոնովը հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպել չի ստացվել: Նրանց կողմից լսվել են միայն սպառնալիքներ, որ իրեն կգտնեն, կգնդակահարեն, կկախեն, ինչպես բոլոր հայերին: Նրա խոսքով՝ դա ադրբեջանական բանակին բնորոշ երևույթների շարքից է՝ խիստ դեմք ընդունել տեսախցիկի առջև՝ զենքը ձեռքին, իսկ վտանգի դեպքում այնպես վազել, որ միայն կրունկներն փայլեն:

Իրանի հետ կապված հարցին, Միլոնովը նշել է, որ Թուրքիայի ծրագրերում է կտրել կապը Իրանի և Հայաստանի միջև, քանի որ կան առևտրային կապեր, Իրանից Հայաստան ճանապարհ կա: Խնդիրն է՝ կտրել այդ ճանապարհն ամբողջությամբ և միջանցք բացել դեպի Նախիջևան:

Պատգամավորը նշել է, որ այս այցը բացառապես իր նախաձեռնությունն է եղել: Նա նաև ասել է, որ իր գործընկերներին կառաջարկի անհապաղ ընդունել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարաններ դիմելու բանաձև՝ արյունահեղության դադարեցմանն աջակցելու համար:

  • Կիսվել: