հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Գազայի հատվածում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մեկ օրում գերազանցել է 80-ը

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մեկ օրում գերազանցել է 80-ը

Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 11-ին անկլավի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի հարվածների հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 82 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ իսրայելական զորքերը կրակ են բացել Նեթսարիմ բնակավայրի մոտ գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնում սննդի փաթեթներ ստանալու սպասող մարդկանց բազմության վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 25 պաղեստինցի։

Բացի այդ, ալ-Ակսայի նահատակների հիվանդանոցի տնօրենը հայտարարել է, որ Դեյր ալ-Բալահ քաղաքի տներից մեկի վրա Իսրայելի օդային հարվածի հետևանքով սպանվել է ութ պաղեստինցի։

Ալ-Աուդա հիվանդանոցի տեղեկացմամբ՝ հունիսի 11-ի վաղ առավոտյան իսրայելական ուժերը թիրախավորել են Սալահ ալ-Դին փողոցում մարդասիրական օգնության սպասող հավաքված մարդկանց, որի հետևանքով զոհվել է 4 պաղեստինցի, 90-ից ավելի մարդ վիրավորվել է։

Մնացած զոհերը գրանցվել են անկլավի այլ հատվածներում։

Մյուս կողմից, Իսրայելի կողմից Արևմտյան ափի Նաբլուս քաղաքի վրա լայնածավալ հարձակման ժամանակ երկու պաղեստինցի զոհվել է, ևս 82-ը՝ վիրավորվել։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 54 981-ի, իսկ վիրավորներինը՝ 126 920-ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

 

  • Կիսվել: