երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ֆինլանդիան կարող է վերանայել իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

Ֆինլանդիան կարող է վերանայել իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

Ֆինլանդիայի նախագահն ակնարկել է, որ այժմ չի բացառում դաշինքին անդամակցելու հնարավորությունը

Ֆինլանդիան կարող է վերանայել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր քաղաքականությունը՝ հաշվի առնելով Ուկրաինա ռուսական ներխուժումը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է նախագահ Սաուլի Նիինիստեն, գրում է «Ամերիկայի Ձայնը»։

Վերջին անգամ Ֆինլանդիայի իշխանությունները երկրի արտաքին քաղաքականության պաշտոնական վերլուծություն են իրականացրել ընդամենը մեկուկես տարի առաջ, սակայն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի բռնկումը ստիպեց Ֆինլանդիայի ղեկավարությանը նոր հայացք նետել միջազգային հարաբերություններին և դաշինքներին:

Ֆինլանդիայի շատ քաղաքացիներ, որոնք 20-րդ դարում երկու անգամ պատերազմել են Ռուսաստանի հետ և նրա հետ ընդհանուր սահման ունեն գրեթե 1500 կմ երկարությամբ, մինչ օրս զգուշավոր վերաբերմունք ունեն Մոսկվայի նկատմամբ։ ՆԱՏՕ-ին միանալու կողմնակից ֆինների թիվը, որը վերջին տարիներին տատանվել է 20%-ի սահմաններում, սկսել է աճել վերջին ամսվա ընթացքում:

«Ռիսկերի և այլընտրանքների վերլուծությունից հետո կգա որոշման ժամանակը»,- ասել է Նիինիստեն՝ լրագրողների հետ զրույցում խոսելով Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության խնդրի մասին։ «Մենք ապահով ճանապարհներ ունենք լուծելու մեր ապագայի հարցը։ Մենք պետք է ուշադիր քննարկենք դրանք՝ ոչ շատ երկար, բայց ուշադիր»։

Միևնույն ժամանակ, Ֆինլանդիայի ղեկավարը հրաժարվել է նշել որևէ կոնկրետ ժամկետ։

Անցած շաբաթվա վերջին Ֆինլանդիայի նախագահին Սպիտակ տանը ընդունել էր նախագահ Ջո Բայդենը։

Ուրբաթ օրը՝ մարտի 11-ին, նախատեսված է հեռախոսազրույց Ֆինլանդիայի ղեկավարի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

Նիինիստեն չի ասել, թե ինչ հարցեր է մտադիր քննարկել Պուտինի հետ։

Միաժամանակ Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարեցին, որ համալրում են երկրի ռազմավարական պաշարները, այդ թվում՝ վառելիքի մատակարարումները և առաջին անհրաժեշտության ապրանքները, հնարավոր արտակարգ իրավիճակների համար:

  • Կիսվել: