չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երեք երկրների ՊՆ ղեկավարների բանակցությունները կարեւոր են սիրիական կարգավորման համար․ Չավուշօղլու

Երեք երկրների ՊՆ ղեկավարների բանակցությունները կարեւոր են սիրիական կարգավորման համար․ Չավուշօղլու

Թուրքիայի, Սիրիայի եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների միջեւ Մոսկվայում կայացած բանակցությունները կարեւոր են սիրիական կարգավորման ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության գալու տեսանկյունից։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Հանդիպումն օգտակար էր։ Մենք կարծում ենք, որ Սիրիայի իշխանությունների հետ համագործակցությունը կարեւոր է համաձայնության հասնելու տեսանկյունից, որը կապահովի կայունություն եւ խաղաղություն: Այս շփումները կարեւոր են նաեւ ռեժիմի եւ ընդդիմության միջեւ ճանապարհային քարտեզի շուրջ կոնսենսուսի հասնելու համար»,- ասել է նախարարը, գրում է Hurriyet թերթը։

Չավուշօղլուի խոսքով՝  նման շփումները կշարունակվեն ու կընդլայնվեն։

Նա նշել է, որ Սիրիայի իշխանությունները ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի հետ չեն համագործակցել քաղաքական տարաձայնությունների պատճառով։ Նա չի  բացառել  Դամասկոսի հետ ապագայում համագործակցությունն այս ոլորտում, միաժամանակ նշել, որ Սիրիայի իշխանությունների հետ ներկայիս բանակցությունները չեն խոչընդոտում ահաբեկիչների դեմ պայքարում Անկարային գործողություններին։

  • Կիսվել: