շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էրդողանը Թուրքիայի փոքրամասնություններից պահանջել է աջակցություն հայտնել Իդլիբում թուրքերի գործողություններին

Էրդողանը Թուրքիայի փոքրամասնություններից պահանջել է աջակցություն հայտնել Իդլիբում թուրքերի գործողություններին

Թուրքիայի նախագահականը երկրում գործունեություն ծավալող ՀԿ-ներին և փոքրամասնություններին պատկանող հիմնադրամներին Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքերի ռազմական գործողություններին աջակցություն հայտնող տեքստ է ուղարկել՝ պահանջելով ստորագրել դրա տակ:

Այս մասին գրում է Թուրքիայում հրապարակվող «Հայ թերթ» լրատվամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ հայտարարությունն ուղարկվել է երկրում գործող հայկական, հունական, հրեական ու ասորական հիմնադրամներին։ 

Թուրքիայի նախագահականի ուղարկած երկարաշունչ հայտարարության սկզբում Թուրքիան ներկայացվում է որպես տարածաշրջանի ու աշխարհի խաղաղության առաջամարտիկ, որը բազմաթիվ անգամ պայքար է մղել անկախության, անվտանգության և բարեկեցության համար:

«Այս պայքարներից ամեն մեկի ժամանակ մեր սուրբ ժողովրդի ցուցաբերած միասնականության ոգին ամբողջ աշխարհի համար չտեսնված օրինակ է: Մենք, որպես հասարակական կազմակերպություններ, այս օրերին, երբ կենսական նշանակություն ունեցող գործընթացի միջով ենք անցնում, լիովին աջակցում ենք մեր պետության քայլերին, որոնց հիմքում ընկած են երկրի անվտանգությունն ու պետական շահերը, ինչպես նաև տարածաշրջանում անվատանգության հաստատումն ու պահպանումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ դրա տակ ստորագրող կազմակերպությունները հավատում են, որ «միասնականության պայմաններում այս պայքարը հաջողության է հասնելու», և հպարտանում են հաջողությամբ իր պարտականությունները կատարող թուրքական բանակով:  

«Վերջին օրերին Իդլիբում տեղի ունեցած իրադարձությունները բոլորիս վշտացրել են: Ռեժիմի (Ասադի-խմբ.) ուժերի կողմից իրականացված դավաճանական հարձակման հետևանքով զոհված մեր զինվորների համար Ալլահից ողորմածություն ենք խնդրում, վիրավորներին ցանկանում շուտափույթ ապաքինում»։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ կազմակերպությունները գիտեն, որ «Սիրիայում տեղի ունեցող զարգացումներն անմիջականորեն հետաքրքրում են Թուրքիային, ինչի մասին է վկայում այն, որ երկիրը հյուրընկալել է 4 մլն փախստականի։

«Ինչպես նախկինում ենք աջակցել Սիրիայի տարածքից մեր երկրին սպառնացող ահաբեկչական վտանգների չեզոքացմանը միտված «Ձիթենու ճյուղ», «Եփրատի վահան» և «Խաղաղության ակունք» ռազմագործողություններին, նույն կերպ էլ հիմա աջակցում ենք «Գարնանային վահան» ռազմագործողությանը»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: