կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Էրդողանը չի մոռանում պարտությունը». Դավութօղլուն մեկնաբանել է Իմամօղլուի ձերբակալությունը

«Էրդողանը չի մոռանում պարտությունը». Դավութօղլուն մեկնաբանել է Իմամօղլուի ձերբակալությունը

Թուրքիայի նախկին վարչապետ ու արտգործնախարար, նախագահ Ռեջեփ Էրդողանի նախկին կուսակից Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի վերաբերյալ Ստամբուլի դատարանի կայացրած վճիռը, փոխանցում է Ermenihaber-ը։

Գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանարապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ հանդիսացող Իմամօղլուն դատապարտվել է 2.7 տարվա ազատազրկաման և նույնքան ժամանակով քաղաքականությամբ զբաղվելու արգելքի:

Ըստ Դավութօղլուի՝ Իմամօղլուի շուրջ կատարվող զարգացումների պատճառը միայն նրա անձի հետ չի կապված՝ նկատի ունենալով ընդդիմադիր քաղաքապետի՝ առաջիկա նախագահական ընտրություններում Էրդողանի հավանական մրցակից դիտարկվելը: Դավութօղլուի կարծիքով խնդիրը նաև այն հանգամանքի մեջ է, որ 2019-ի Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում Իմամօղլուն հաղթել է Էրդողանի առաջադրած թեկնածուին:

«Այստեղ պարտված պատերազմի հարց կա: Պ-ն Թայիփի ամենամեծ թերությունն այն է, որ նա չի կարողանում մոռանալ պարտությունը կամ կորուստը: Միշտ կենտրոնացած է մնում այդ թեմայի վրա, պահում է մտքում և սպասում հարմար պահի»,- ասել է Դավութօղլուն:

Դավութօղլուի կարծիքով Ստամբուլի քաղաքապետին ասպարեզից հեռացնելը Էրդողանի համար նաև հոգեբանական խնդիր է, քանի որ նա 2 անգամ ընտրություններում պարտվել է Իմամօղլուին: Ընդ որում Իմամօղլուն Ստամբուլի կրկնակ ընտրություններում 2 անգամ հաղթել է Էրդողանի առաջ քաշած ամենաազդեցիկ ֆիգուրին՝ Բինալի Յըլդըրըմին:

Բացի դրանից, ըստ Դավութօղլուի, Էրդողանը Իմամօղլուին ասպարեզից հանելով ու Ստամբուլի ղեկին ընտրություններին ընդառաջ իր մարդուն բերելով՝ տպավորություն է ստեղծում, որ հետ է բերում պատերազմում կորցրածը ու այդպես է գնում ընտրությունների:

Հիշեցնենք, որ 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման և նույնքան ժամանակով «քաղաքականությամբ զբաղվելու արգելքի» դատապարտված Իմամօղլուի դեմ քրգործը հարուցվել է 2019 թվականի Ստամբուլի քաղաքային ընտրություններից հետո։ Նա իշխանական թեկնածուի նկատմամբ փոքր առավելությամբ հաղթանակ էր տարել մարտի 31-ին տեղի ունեցած առաջին ընտրություններում, որոնք սակայն չեղարկվեցին Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և նշանակվեցին կրկնակի ընտրություններ: Դրանցում Իմամօղլուն ավելի մեծ առավելությամբ հաղթեց իշխանական թեկնածուին:

Ընտրություններում հաղթելուց հետո Իմամօղլուն, օգտագործելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այդ օրերի հայտարարություններից մեկում օգտագործած տխմար բառը, հայտարարել էր, որ մարտի 31-ի ընտրությունները չեղարկողները տխմար են: Տևական ժամանակ շարունակվող դատական գործընթացի ընթացքում Իմամօղլուն բազմիցս ասել է, որ այդ արտահայտությունն ուղղված է եղել հենց Սուլեյման Սոյլուին, այլ ոչ թե ընտրական հանձնաժողովի անդամներին, սակայն դատարանն այսօրվա պատժի հիմքում դրել է հենց պետական մի խումբ պաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքը:

Դատական բարձր ատյաններում բողոքարկվելուց հետո վճիռը չբեկանվելու դեպքում Իմամօղլուն կազատվի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից, և ժամանակավորապես կկասեցվի նաև նրա անդամակցությունը գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ): Ազատազրկումը սակայն հնարավոր է փոխարինվի պայմանականի:

  • Կիսվել: