չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շվեդիան չի կարող մեզնից որևէ բարեհաճություն ակնկալել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումի առնչությամբ. Էրդողան

Շվեդիան չի կարող մեզնից որևէ բարեհաճություն ակնկալել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումի առնչությամբ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան չպետք է աջակցություն սպասի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտին՝ Ստոկհոլմում հակաիսլամական ակտիվիստների եւ քրդամետ խմբերի բողոքի ցույցերից հետո, հայտնում է AP-ն։

Էրդողանը քննադատել է Ղուրանը հրկիզելու Ռասմուս Փալուդանի արշավը՝ ասելով, որ դա վիրավորանք է բոլորի, հատկապես մահմեդականների համար։ Նրան հատկապես վրդովեցրել են Շվեդիայի իշխանությունները՝ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց կազմակերպելու թույլտվության համար, որը նա որակել է որպես հարձակում 85 միլիոն թուրք քաղաքացիների վրա։

«Հասկանալի է, որ նրանք, ովքեր նման ստորություն են գործել մեր դեսպանատան առջեւ, այլեւս չեն կարող մեզնից որեւէ բարեհաճություն ակնկալել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց դիմումի առնչությամբ»,- ասել է Էրդողանը հանգստյան օրերին տեղի ունեցած ցույցերի վերաբերյալ իր առաջին մեկնաբանության մեջ՝ նշելով, որ Շվեդիան, հավանաբար, հաշվարկել է Փալուդանի ցույցը թույլատրելու հետեւանքները։

Էրդողանը Շվեդիային քննադատել է նաեւ քրդամետ բողոքի ցույցերի համար։ «Դուք թույլ եք տալիս ահաբեկչական կազմակերպություններին սանձարձակություններ անել պողոտաներում եւ փողոցներում, իսկ հետո ակնկալում եք մեր աջակցությունը ՆԱՏՕ-ին միանալու համար: Դա տեղի չի ունենա»,- ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով ռազմական դաշինքին միանալու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի դիմումները։ Նա ասել է, որ եթե Շվեդիան հարգանք չցուցաբերի Թուրքիայի կամ մահմեդականների հանդեպ, «նրանք մեզնից ոչ մի աջակցություն չեն տեսնի ՆԱՏՕ-ի հարցում»։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: