շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՄ-ն չի կատարել միգրացիոն համաձայնագրի շրջանակներում Անկարայի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները. Չավուշօղլու

ԵՄ-ն չի կատարել միգրացիոն համաձայնագրի շրջանակներում Անկարայի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները. Չավուշօղլու

ԵՄ-ն չի կատարել 2016 թվականի մարտին կնքված միգրացիոն համաձայնագրի շրջանակներում Անկարայի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները. այն պետք է վերանայվի, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է Anadolu-ն:

Չավուշօղլուն ասել է. «Մենք 40 միլիարդ ենք ծախսել փախստականներին ընդունելու համար: ԵՄ-ն մեզ խոստացել էր սկզբում երեք, իսկ հետո եւս երեք միլիարդ եվրո տրամադրել: Մենք մինչեւ այժմ նույնիսկ առաջին տրանշն ամբողջությամբ չենք ստացել: Դրան խանգարում են բյուրոկրատական քաշքշուկները: Մեզ գումար են խոստանում փախստականներին ընդունելու, Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկման համար, բայց մենք դեռ սպասում ենք»:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ, քաղաքական պատճառներից ելնելով, հետաձգվում է Թուրքիայի մուտքը ԵՄ-ը, որը չի կատարում իր խոստումները: «Թուրքիան երբեք խնդրողի դեր չի խաղա: Մենք ասել ենք, որ ձեզ ավելի շատ ենք պետք, քան դուք` մեզ, եւ դուք դեռ կդիմեք մեզ: ԵՄ-ի հետ միգրացիոն գործարքը պետք է վերանայվի: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության»,-նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան սիրիական Իդլիբում իրավիճակի սրումից հետո հայտարարել էր, որ այլեւս չի կարողանա զսպել միգրանտների եւ փախստականների հոսքերը, եւ բացել էր իր սահմանները ԵՄ-ի հետ, որից հետո հազարավոր միգրանտներ էին ուղեւորվել դեպի Հունաստան: Մարտի 6-ին ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները հորդորել էին Թուրքիային ամբողջությամբ կատարել 2016 թվականի Եվրամիության հետ միգրացիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները եւ շեշտել էին միգրանտներին որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու անթույլատրելիությունը:

  • Կիսվել: