շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԵՄ-ն ցանկանում է թվայնացնել շենգենյան այցագրի տրամադրման գործընթացը

ԵՄ-ն ցանկանում է թվայնացնել շենգենյան այցագրի տրամադրման գործընթացը

Եվրամիությունը ցանկանում է պարզեցնել շենգենյան այցագրերի ստացման գործընթացը և մինչև 2026 թվականը ներդնել զբոսաշրջիկների համար փաստաթղթերի ներկայացման թվային ձևաչափ։ Այս մասին հայտնում է Schengen Visa Info պաշտոնական պորտալը։

Նշվում է, որ հունվարի 31-ին ԵՄ խորհրդարանը հավանություն է տվել օտարերկրյա քաղաքացիների կողմից Շենգենյան գոտի այցելելու համար դիմելու ընթացակարգի արդիականացման առաջարկին։

Նախաձեռնության համաձայն՝ ԵՄ մուտք գործել ցանկացող ճանապարհորդները հնարավորություն կունենան առցանց դիմել այցագրի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի համար։ Այնուհետև, դիմումները կքննարկվեն մեկ առցանց հարթակում, իսկ անձնագրերում կպչուկները նախատեսվում է փոխարինել թվային տեղեկատվությամբ։

Եվրախորհրդարանը նշել է, որ մուտքի փաստաթղթերի ստացման ընթացակարգի թվայնացումը ոչ միայն կարագացնի գործընթացը և կնվազեցնի զբոսաշրջիկներից պահանջվող ջանքերը, այլև կապահովի պրակտիկայի միատեսակությունն ամբողջ Եվրամիությունում։

«Մենք ցանկանում ենք ժամանակակից և օգտագործողի համար հարմար թվային լուծում տրամադրել ԵՄ այցագրի դիմումների համար, ինչպես նաև պարզեցնել դիմումների գործընթացը: Այցագրի կպչուկի փոխարինումը կնվազեցնի նաև ֆիզիկական կպչուն պիտակների հետ կապված ռիսկերը,իսկ միասնական համակարգը կօգնի մարդկանց ԵՄ-ն ընկալել որպես մեկ աշխարհագրական միավոր», - բացատրել է ԵՄ պատգամավոր Մատյաժ Նեմեցը:

  • Կիսվել: