ԵՄ առաջնորդները Թրամփին կոչ են անում աշխատել ԵՄ-ի և Ուկրաինայի անվտանգության շահերն ապահովող խաղաղության համար. Մերց
Եվրոպացի առաջնորդներն առցանց հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել աշխատել Ուկրաինայում խաղաղության համար, որը կապահովի Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգության շահերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, տեղեկացնում է France 24-ը։
Ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի հանդիպումից առաջ Մերցը նշել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել տարածքային հարցերի շուրջ, սակայն «ռուսական օկուպացիայի իրավական ճանաչումը քննարկման ենթակա չէ»։
«Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներն այժմ ձգտում է խաղաղության Ուկրաինայում, որը կպաշտպանի Եվրոպայի և Ուկրաինայի շահերը, ապա կարող է ապավինել այս ջանքերում մեր լիակատար աջակցությանը»,- հայտարարել է Մերցը Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նա նաև շեշտել է, որ հրադադարը պետք է լինի Ռուսաստանի հետ ցանկացած համաձայնագրի առաջնային պլանում։


