ԵՄ ԱԳ նախարարները քննարկում են Թրամփ-Պուտին առաջիկա բանակցությունները
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն արտահերթ հանդիպում են անցկացնում՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների սպասվող բանակցությունները, տեղեկացնում է France-Press-ը:
Նշվում է, որ Եվրոպայում մտավախություն ունեն, որ առանց Ուկրաինայի կնքված որևէ համաձայնագիր կարող է անընդունելի փոխզիջումներ պարտադրել։
Ինչպես հայտնի է՝ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն առաջիկա ուրբաթ օրը ԱՄՆ Ալյասկա նահանգում՝ փորձելու լուծումներ գտնել ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։
Եվրամիությունը պնդում է, որ Կիևը և եվրոպական տերությունները ևս պետք է մասնակցեն հակամարտության ավարտին վերաբերող պայմանավորվածություններին։
«Ուկրաինայում խաղաղության ուղին չի կարող որոշվել առանց Ուկրաինայի», - ասված է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆինլանդիայի առաջնորդների, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարությունում։ Եվրոպացի առաջնորդները նաև կոչ են արել Թրամփին ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։


