կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԵԽ-ում դատապարտել են Ստամբուլի քաղաքապետի վերաբերյալ դատավճիռը

ԵԽ-ում դատապարտել են Ստամբուլի քաղաքապետի վերաբերյալ դատավճիռը

Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը դատապարտել է թուրքական դատարանի կողմից Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ կայացրած 2 տարի 7 ամիս ազատազրկման ու քաղաքականությամբ զբաղվելու արգելք սահմանելու դատավճիռը, գրում է ermenihaber.am-ը:

Մեկնաբանելով Իմամօղլուի վերաբերյալ որոշումը՝ Ամորը նշել է,որ իրենց համար այս որոշումը մտահոգիչ է և իրենք հույս ունեն ,որ այն կվերանայվի Թուրքիայում։ Նաև նշել է, որ իր կարծիքով Իմամօղլուի քայլերը հանցանք չեն, և նա չի խախտել որևէ օրենք։

Եվրոպացի պաշտոնյայի համոզմամբ այս ամենը կազդի Թուրքիայի եվրաանդամակցության հնարավորության վրա։ Եթե Թուրքիայի օրենսդրական համակարգում չիրականացվեն փոփոխություններ, ապա հնարավոր չի լինի Թուրքիայի եվրաանդամակցության հարցը լուծել առաջիկա 2-3 տարում։

Հիշեցնենք, որ 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման և նույնքան ժամանակով «քաղաքականությամբ զբաղվելու արգելքի» դատապարտված Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է 2019 թվականի Ստամբուլի քաղաքային ընտրություններից հետո։ Նա իշխանական թեկնածուի նկատմամբ փոքր առավելությամբ հաղթանակ էր տարել մարտի 31-ին տեղի ունեցած առաջին ընտրություններում, որոնք սակայն չեղարկվեցին Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և նշանակվեցին կրկնակի ընտրություններ: Դրանցում Իմամօղլուն ավելի մեծ առավելությամբ հաղթեց իշխանական թեկնածուին:

Ընտրություններում հաղթելուց հետո Իմամօղլուն, օգտագործելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այդ օրերի հայտարարություններից մեկում օգտագործած տխմար բառը, հայտարարել էր, որ մարտի 31-ի ընտրությունները չեղարկողները տխմար են: Տևական ժամանակ շարունակվող դատական գործընթացի ընթացքում Իմամօղլուն բազմիցս ասել է, որ այդ արտահայտությունն ուղղված է եղել հենց Սուլեյման Սոյլուին, այլ ոչ թե ընտրական հանձնաժողովի անդամներին, սակայն դատարանն այսօրվա պատժի հիմքում դրել է հենց պետական մի խումբ պաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքը:

Դատական բարձր ատյաններում բողոքարկվելուց հետո վճիռը չբեկանվելու դեպքում Իմամօղլուն կազատվի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից, և ժամանակավորապես կկասեցվի նաև նրա անդամակցությունը գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ): Ազատազրկումը սակայն հնարավոր է փոխարինվի պայմանականի:

  • Կիսվել: