շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթն առաջին անգամ կանցկացվի Երևանում և Դիլիջանում

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթն առաջին անգամ կանցկացվի Երևանում և Դիլիջանում

Միրզոյանական հոբելյանական 10-րդ մրցույթն իր տեսակով կլինի աննախադեպ. առաջին անգամ մրցույթը կանցկացվի երկու քաղաքում՝ Երևանում և Դիլիջանում:

Շուրջ 3 օր մասնակիցները կանցկացնեն Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի 2 տարիքային խմբերում էլ մրցույթը կանցկացվի երկու փուլով: Առաջին փուլում, որը տեղի կունենա Երևանում, ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն անսամբլային ստեղծագործություն (2-ից 4 գործիքի համար (ցանկացած)՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ), իսկ կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները՝ 1 երգ՝ գրված ցանկացած գործիքի և ձայնի համար (տողերի հիմքում՝ հայ հեղինակի հայալեզու բանաստեղծություն), որի առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն:

Երկրորդ փուլում, որը տեղի կունենա Դիլիջանում, մասնակիցները պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված 1 մենանվագ ստեղծագործություն. կրտսեր խմբի մասնակիցները պետք է ներկայացնեն մինչև 5 րոպե տևողությամբ, իսկ ավագ խմբի մասնակիցները՝ մինչև 10 րոպե տևողությամբ ստեղծագործություն: Գալա համերգը մրցույթի պատմության մեջ առաջին անգամ կկայանա Երևանից դուրս՝ Դիլիջանի Բեթհովենի անվան համերգասրահում:

Մրցույթի բոլոր մասնակիցները, ավանդույթի համաձայն, ստանալու են խրախուսական նվերներ, պատվոգրեր, մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև անվանական գավաթներ, իսկ հաղթող մասնակիցները` նաև դրամական պարգև: Դրամական պարգևներ կստանան մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 5-ն է:

Նախագիծն իրականանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ:

  • Կիսվել: