հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դատարանն Արգենտինայի նախկին նախագահին դատապարտել է 6 տարվա ազատազրկման և ցմահ զրկել պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից

Դատարանն Արգենտինայի նախկին նախագահին դատապարտել է 6 տարվա ազատազրկման և ցմահ զրկել պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից

Արգենտինայի դաշնային դատարանը կոռուպցիայի գործով 6 տարվա ազատազրկման է դատապարտել ներկայիս փոխնախագահ և երկրի նախկին նախագահ Քրիստինա Քիրշներին։ Դատարանը նրան ցմահ զրկել է պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից, հայտնում է La Voz-ը։

69-ամյա Քրիստինա Քիրշներն Արգենտինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-ից 2015 թվականներին։ Այս պաշտոնում նա փոխարինել է ամուսնուն՝ Նեստոր Քիրշներին։

2022 թվականի սեպտեմբերի 22-ին Արգենտինայի դատախազությունը Քիրշներին մեղադրել է կոռուպցիայի համար՝ կոչ անելով նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման, ցմահ զրկել պետական պաշտոններից և 1 միլիարդ դոլար տուգանք վճարել։

Դատախազները նրան և մի խումբ հանցակիցների մեղադրում են Սանտա Կրուս նահանգում ճանապարհային աշխատանքների նպատակով հատկացված պետական միջոցների յուրացման համար։ Բացի Քիրշներից, գործի շրջանակում մեղադրվում է 12 մարդ, դատարանում վկաներ են դարձել Արգենտինայի նախկին նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն ու էկոնոմիկայի ներկայիս նախարար Սերխիո Մասսան, գրում է La Voz-ը։ Արգենտինայի դաշնային դատարանը առաջին ատյանի դատարանն է. Քիրշները կբողոքարկի «անարդար» որոշումը։

Բացի այդ, 2015 թվականի սկզբին Արգենտինայի այն ժամանակվա նախագահ Քիրշներին մեղադրանք է առաջադրվել 1994 թվականին Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնում ռմբակոծության հետևանքով 85 զոհված ահաբեկչության հետաքննությանը խոչընդոտելու համար: Սակայն դատարանը մերժել է գործը հարուցել։ 2016 թվականի մայիսին Քիրշների դեմ գործ է հարուցվել արժույթի ֆյուչերսների հետ կապված խարդախության համար։

  • Կիսվել: