կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դատարանի որոշմամբ Դոնալդ Թրամփը 400 000 դոլար պետք է վճարի The New York Times-ին

Դատարանի որոշմամբ Դոնալդ Թրամփը 400 000 դոլար պետք է վճարի The New York Times-ին

Նյու Յորքի դատարանի դատավորը ուրբաթ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է The New York Times պարբերականին վճարել մոտ 400 000 դոլար դատական ծախսերի համար՝ կապված այն անհաջող դատավարության հետ, որը նա հարուցել էր թերթի դեմ 2021թ., տեղեկացրել է NBC News-ը։

Դատավոր Ռոբերտ Ռիդը Նյու Յորքի նահանգի գերագույն դատարանից Թրամփին պարտավորեցրել է հոնորարներ վճարել փաստաբաններին, փակել դատական ծախսերը՝ մոտ 393 000 դոլար ընդհանուր գումարով, այդ թվում՝ 229 931 դոլար պարբերականի եւ լրագրողներ Սյուզաննա Քրեյգի եւ Ռասել Բյութների համար, ինչպես նաեւ 162 717 դոլար Դեւիդ Բարսթոուի՝ թերթի երրորդ լրագրողի համար։

Թրամփի փաստաբանները դեմ են արտահայտվել՝ գումարի չափն անվանելով «չափից շատ եւ անհեթեթ»։

Ռիդն անցյալ տարի մերժել էր 100 մլն դոլարի հայցը թերթի եւ նրա երեք լրագրողների դեմ՝ Թրամփի չբացահայտված ֆինանսների մասին հոդվածաշարի պատճառով, որն արժանացել էր Պուլիտցերյան մրցանակի եւ հրապարակվել 2018թ.։

2021թ. Թրամփը դատի էր տվել թերթին, իր զարմուհի Մերի Թրամփին եւ այլոց՝ պնդելով, որ իր զարմուհին եւ պարբերականի լրագրողները «մասնակցել են նենգ դավադրության՝ կոնֆիդենցիալ եւ գերզգայուն գրառումներ ստանալու նպատակով, որոնք նրանք օգտագործել են ի շահ իրենց եւ որպես իրենց հրապարակումների կեղծ լեգիտիմացման միջոց»։

Ռիդն իր դատավճռով հերքել էր այդ պնդումը՝ հայտարարելով, որ Թրամփի մեղադրանքները The New York Times-ի հասցեին «չեն համապատասխանում սահմանադրական իրավունքին»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: