հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դա կարող է պարադոքսալ հնչել, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհն է. Ստոլտենբերգ

Դա կարող է պարադոքսալ հնչել, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհն է. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի անդամ երկրների կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը համարում է խաղաղության գրավական։

«Դա կարող է պարադոքսալ հնչել, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհն է», - ասել է նա DPA գործակալությանը տված հարցազրույցում:

Ըստ Ստոլտենբերգի՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ Ուկրաինայում չի կարողանա հասնել իր նպատակներին։ Նրա կարծիքով՝ միայն դրանից հետո հնարավոր են բանակցություններ։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մշտական երկխոսության մեջ են «հատուկ մարտական համակարգերի» մատակարարման շուրջ։

Ինչպես նշել են Կրեմլում, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ է Կիևի քաղաքական կամքը և պատրաստակամությունը՝ քննարկելու Մոսկվայի կողմից նախկինում առաջադրված պահանջները։ Նաև ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևն ասել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ լուրջ բանակցություններ չեն կայանա, քանի դեռ ՆԱՏՕ-ի հրահանգիչներն ու վարձկանները մնան Ուկրաինայում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ հնարավոր չի համարում առաջիկայում Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները։

  • Կիսվել: